Հետազոտողները հայտնաբերել են չիլիացի աշխարհահռչակ բանաստեղծ Պաբլո Ներուդայի 20-ից ավելի նախկինում անհայտ պոեմներ, հրատարակիչները պլանավորում են դրանք հրապարակել 2014 թվականի վերջին – 2015 թվականի սկզբին:

 

Ստեղծագործությունները հայտնաբերել են «Պաբլո Ներուդայի հիմնադրամի» մասնագետները, որոնք հետազոտել են գրողի արխիվները: Պոեմները, որոնց մի մասը գրված է ձեռքով, իսկ մյուս մասը՝ մեքենագիր տեքստով, հայտնաբերվել են գրողի արխիվի տուփերից մեկում: Հայտնի է, որ հայտնաբերված ստեղծագործությունները գրվել են անցյալ դարի 50-ական թվականներին՝ բանաստեղծի ստեղծագործական ծաղկման շրջանում:

 

Մասնագետների հավաստիացմամբ՝ հայտնաբերված ստեղծագործությունները «բացառիկ են իրենց որակով», իսկ Seix Barral հրատարակչության ներկայացուցիչները, հրատարակչություն, որը պլանավորում է Պաբլո Ներուդայի պոմները հրատարակել նախ Լատինական Ամերիկայում, իսկ այնուհետև Իսպանիայում, արդեն այդ գտածոն համարել են «խոշորագույնը վերջին տարիներին իսպանալեզու գրականության համար» և «համաշխարհային նշանակության գրական իրադարձություն»:

 

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ներուդան մահացել է 1973 թվականի սեպտեմբերին: