Հայաստանում հունիսի 18-19-ն առաջին անգամ կանցկացվի պարի և երգի միջազգային մրցույթ-փառատոն: «Կովկասի առաջնություն» խորագրով մրցույթ-փառատոնին կմասնակցեն ոչ միայն Կովկասի, այլև այլ երկրների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ:


Մրցույթի կազմակերպիչ, Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանը հունիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ փառատոնին կմասնակցեն 18 ազգերի ներկայացուցիչ 400-500 մասնակիցներ:

 

«Սա առաջին մեծամասշտաբ փառատոնն է Հայաստանում, որին մասնակցում են 18 ազգի ներկայացուցիչներ: Այն կոչվում է «Կովկասի առաջնություն», բայց չի նշանակում, որ մասնակցում են միայն կովկասյան երկրները: Ցանկություն էին հայտնել 30 ազգի ներկայացուցիչներ, սակայն 18-ը կմասնակցեն: Միջոցառումը կմեկնարկի վաղը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում կանցկացվի շքերթ, այնուհետև կսկսվի մրցույթը»,-նշեց Միջազգային փառատոնների կովկասյան ասոցիացիաի նախագահ Արման Ղուկասյանը:

 

Ղուկասյանն ընդգծեց, որ մրցույթն անցկացվում է վեց տարիքային խմբերում` առանց տարիքային սահմանափակման: «Բոլոր տարիքային խմբերում կլինեն հաղթողներ, ովքեր հունիսի 19-ին կմասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը»,-հավելեց Արման Ղուկասյանը: Բանախոսն ընդգծեց, որ այս նախագծի վրա իրենք աշխատում են նախորդ տարվա հոկտեմբերից, և իրենց նորաստեղծ ասոցիացիան  ցանկանում է կազմակերպել նմանատիպ միջոցառումներ:

 

«Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր, կլինեն հաղթական հորիզոնականներ, սակայն դրամական պարգևատրումներ չկան, քանի որ մեր ֆինանսական միջոցները քիչ են»,-հավելեց Ղուկասյանը: Մրցույթ-փառատոնի ժյուրիների կազմում հիմնականում այլ երկրների ներկայացուցիչներ են:

 

Ժյուրիի անդամ, Բուլղարիայի ներկայացուցիչ Միլկո Կրալսկին նշեց, որ ցանկություն ունի Հայաստանում ստեղծել նաև դեռևս պայմանական անուն ունեցող պարային սպորտի ֆեդերացիա, կբացվեն տարատեսակ դպրոցներ, և արտասահմանյան մասնագետները կկրթեն պարելու ցանկություն ունեցողներին: