Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հունիսի սկզբին մասնակցել է Ռուսաստանում անցկացված հայտնի «Intermuseum» փառատոնին` ներկայացնելով տուն-թանգարանի գործունեությունը և ծրագրերը: Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Արմինե Գրիգորյանը համագործակցության համաձայնագիր է կնքել Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման հետ:

 

«Intermuseum» փառատոնը կազմակերպվել էր ՌԴ մշակույթի նախարարության միջնորդությամբ, և շատ ուրախ էի, որ հրավեր ստացա' մասնակցելու թանգարանների համար կարևորագույն այդ միջոցառմանը: Մեկնեցի Մոսկվա, որպեսզի ներկայացնեմ մեր թանգարանը և նաև համագործակցության համաձայնագիր կնքեմ Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման հետ: Շատ ուրախալի է, որ փաստը տեղի ունեցավ հենց մաեստրո Խաչատրյանի ծննդյան օրը »,-«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում նշեց տուն-թանգարանիտնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը:

 

Գրիգորյանն ընդգծեց, որ համաձայնագիրը մեր թանգարանի զարգացման համար նոր ուղիներ է բացում: «Գլինկայի անվան թանգարանային միավորումը խոշորագույն մշակութային կառույցներից է, և արդեն մենք ունենք այս տարվա համար ծրագրված պայմանավորվածություններ: Գլինկայի անվան թանգարանը, հավանաբար, սեպտեմբերին շատ հետաքրքիր ցուցադրությամբ հանդես կգա մեր թանգարանում: Հայաստան կբերվի «Երկու հսկա» ցուցադրությունը, որը նվիրված է Ռախմանինովին և Շալյապինին: Կարծում եմ, մեծ հետաքրքություն կառաջացնի: Այն կտևի մեկ ամիս: Այնուհետև հոկտեմբերին Խաչատրյանի տրիոն հանդես կգա Գլինկայի անվան թանգարանում' համերգային ծրագրով»,-նշեց Արմինե Գրիգորյանը:

 

Համագործակցությունը կշարունակվի նաև հաջորդ տարիներին: Բացի այդ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ընդգրկվել է Երաժշտական թանգարանների ասոցիացիայում: «Սա նույնպես կարևոր է մեզ համար: Ասոցիացիան ընդգրկում է ԱՊՀ երկրների երաժշտական թանգարանները և զարգացման նոր հեռանկարներ է բացում»,-ընդգծեց Գրիգորյանը:

 

Տուն-թանգարանի տնօրենը չի բացառում, որ իրենց ցուցանմուշները ևս կարող են ներկայացվել Մ. Գլինկայի անվան երաժշտական արվեստի համառուսական թանգարանային միավորման ցուցասրահներում: «Ինչու ոչ, մեր թանգարանի նյութերը կներկայացնենք ռուս ակնդրին»,-նշեց Գրիգորյանը:

 

Անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնվել է 1978 թ.: 1984 թ.հունվարի 23-ին բացվել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: