Օրերս կարդում էի Լևոն Հախվերդյանի «Պարույրը» խոհագրությունը: Վերջին մասը, որը վերաբերում էր իմ ու քո սիրելի գրողի մահվան պատմությանը, զուգադիպությամբ կարդացի Սևակի մահվան տարելիցի նախօրեին:


Այս խոհագրությունը Սևակին ճանաչելու նոր հնարավորություն էր՝ անհանգիստ, անհամբեր, բռնկուն, անկեղծ ու պայքարող Պարույր Սևակն աչքիս առաջ հայտնվեց և առաջիկայում անպայման ծաղկաքաղ կանեմ ESem.am-ի Սևակասեր ընթերցողների համար (թեև խորհուրդ կտամ կարդալ ամբողջը, հատկապես, որ ծավալը մեծ չէ, հիմա էլ ամառային արձակուրդներ են), սակայն այսօր՝ Սևակի մահվան 43-րդ տարելիցի օրը, որոշեցի քեզ հակիրճ ներկայացնել Սևակի մահը՝ ըստ Լևոն Հախվերդյանի:

 

Գրականագետը հիշատակում է Սևակի՝ «Հե՜յ գիտի, ծովերից անցա ու հանկարծ... խեղդվեցի առվում» տողերը և պատահած վթարի վերաբերյալ գրում. «Այնպես, ինչպես պատմեցին՝ կատարվածը ծովերից անցնելու և առվում խեղդվելու նման մի բան էր: Բայց երբ եղանք աղետի վայրում՝ դա երևաց է՛լ ավելի անհավանական: Մենք գիտեինք, թե ինչ վտանգավոր կեռմաններ կան մինչև այդ վայրը: Կեռմաններ, որ անվարժ վարորդը դժվար պիտի անցներ: Բայց Պարույրն անցել էր, դուրս եկել տափարակ հարթավայր և այնտեղ տապալվել, ուր ամենից անվարժն էլ կարող էր անել»:

 

 

Սևակի մահվան հետ կապված տարբեր վարկածներ կան. կանխամտածված սպանություն, նորաթուխ վարորդի անփորձություն...  Հախվերդյանը հանիրավի է համարում սպանության վարկածը, իսկ դեպքի օրվա մասին գրում է. «Ի՞նչ էր պատահել մինչ գյուղից դուրս գալը. դա ինձ հայտնի է այսպես. Պարույրը, ընտանիքով, հունիսի 17-ին պետք է գար Երևան, այստեղից էլ մեկներ Թիֆլիս՝ զոքանչի քառասունքին: Ասել է գյուղի վարորդին, որ իր՝ Պարույրի, մեքենայով իրենց Երևան հասցնի: Սա թե՝ բեռ եմ տանում հարևան գյուղ, մի ժամի չափ պիտի սպասեք: Համաձայնում են: Բայց Պարույրին ո՞վ էր տվել այդքան համբերություն: Ասում  է կնոջը՝ կփորձեմ մեքենան դուրս բերել գարաժից, թե որ մեքենան առանց մի բանի դիպցնելու դուրս բերեցի, ուրեմն՝ գնացի՛նք… Դժբախտության նախապատճառը դառնում է մեքենան հաջողակ դուրս բերելը: Վիճակը գցված էր. այլևս ոչ մի ուժ չէր կարող Պարույրին հետ պահել իր վճռից: Ասում էին՝ կինն ինչո՞ւ է համաձայնել: Այդպես ասողները վատ էին ճանաչում Պարույրին, նրա գիժ, անհամբեր, անդիմադրելի խառնվածքը: Այն էլ ասում էին, թե կինն ինչո՞ւ է նստել մեքենա: Այդպես ասողները վատ էին ճանաչում Նելլի Մենաղարիշվիլուն: Նա չէր կարող ամուսնուն մենակ թողնել. նստել է կողքին, որ զսպի, օգնի, հորդորի ամուսնուն»:

 

 

Սևակի ընկերը գրում է, որ շատերը նրա՝ «Եվ այն էլ զգացի, խո՜ր ցավով զգացի, որ կտրվելուց հետո է երևում ծառի բուն հաստությունը» տողերը վերագրում են հենց իրեն՝ առաջ բերելով կարծիք, որ մահվանից հետո նրան ավելի շատ գնահատեցին: Հախվերդյանն իր գրքում մի քանի անգամ հերքում է դա՝ շեշտելով, որ Սևակին սիրում ու գնահատում էին նաև կենդանության օրոք, հատկապես «Զանգակատան» հրատարակվելուց հետո, իսկ նրա մահը սգաց ողջ հանրությունը: Գրականագետը գրում է. «Ես չեմ տեսել, որ հայրենիքը սգա իր զավակի կորուստն այնպես դառնագին, ինչպես սգում էր Պարույրի վրա: «Եվ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահություն»,- գրել է Պարույրը Պետրոս Դուրյանին նվիրված հոդվածում: Պարույրին վիճակվեց քչերին բաժին ընկած այդ բախտը»:

 

Հեղինակը հիշատակում է Սևակի խոսքերը՝ «Ո՞ւր էր թե յուրաքանչյուր բանաստեղծի 50 բանաստեղծությունից գեթ մեկը մնար 50 տարի հետո»: Թե Սևակի ստեղծագործություններից քանիսն են ապրում մինչ օրս, գրելը, թերևս, ավելորդ է:

 

Սևակը երկար էր պատրաստվել հայրենի գյուղում խաղաղ կյանքին, անհանգիստ բնավորությամբ գրողն իր ձեռքով տուն կառուցեց և, ահա, վերջապես սկսելու էր կյանքի նոր փուլ՝ խաղաղ ու հանգիստ, սակայն ողբերգական վթարի պատճառով պատմությունն իր գիրկն առավ նրան, իսկ տարիներ շարունակ սեփական ձեռքերով կառուցած տունը դարձավ Պարույր Սևակի տուն-թանգարանը:


Սևակամոլ Ամալյա Հովհաննիսյան