Կանանց և մայրերին նվիրված տոները հիմնականում մեծ շուքով են նշվում, դրանց մեծ նշանակություն է տրվում, իսկ ահա հայրերին նվիրված տոները, կարծես թե, անտեսվում են: Թեև հարկ է նշել, որ տարվա ընթացքում քանակապես դրանք ավելի շատ են, բայց սա այն դեպքն է, երբ քանակը որակ չի ապահովում  և շատ դեպքերում չի էլ իմացվում, որ տարվա մեջ մի քանի այդպիսի տոն կա: Հայրերի հերթական օրը նշվել  է Հունիսի 15-ին, ինչի կապակցությամբ զրուցեցինք հայտնի հայրիկների հետ: Հարկ է նշել, որ զրուցակիցներիցս ոչ ոք չգիտեր, որ այդպիսի տոն կա: Թեև նրանք կարևորում են հոր դերն ընտանիքում, սակայն տոն չունենալուց առանձնապես չեն նեղսրտում:

 

 

Դերասան Ավո Խալաթյանի և երգչուհի Նունե Եսայանի որդին` Հենրին, արդեն հինգ տարեկան է: Դերասանի համոզմամբ` հայրը ֆենոմեն է նրանով, որ օրինակ է տան բոլոր անդամների համար. նա է տան սյունը, և հոր դերն ու նշանակությունն ընտանիքում շատ մեծ է: Ըստ Ավոյի` հայր դառնալուց հետո փոխվում են տղամարդու պարտականությունները, և նրա կյանքում առաջին և երկրորդ պլան է ձևավորվում: «Առաջ ես կարող էի օրերով դրսում լինել` ընկերներիս հետ. հայրս ասում էր` այս տունը քեզ համար հյուրանո՞ց է, որովհետև տուն գնում էի քնելու համար կամ կարող էի չգնալ: Սակայն ամուսնությունից, հատկապես երեխայի ծննդից հետո, տղայի կյանքը 180 աստիճանով փոխվում է. նա տղամարդ է դառնում: Հիմա ես փորձում եմ օրս այնպես կազմակերպել, որ տղայիս շատ ժամանակ հատկացնեմ: Նրան երբեմն հետս նույնիսկ աշխատանքի եմ տանում: Աշխատավայրիս մոտակայքում լողավազան կա, միասին  «աշխատում» ենք, հետո գնում լողավազան, խաղում միասին»,- պատմեց դերասանը: Ավոն հաճախ է Հենրիի հետ խաղում, նրանք  հատկապես ֆուտբոլ են սիրում, նկարում են, իսկ երբ հերթը հասնում է մեքենաներով խաղալուն, Ավոն անմիջապես թեման փոխում է ֆուտբոլի կամ այլ ուղղությամբ :)

 

 

Անդրադառնալով հարցին` արդյոք ծնողների մոտ կախվածությո՞ւն է առաջանում երեխաներից, ինչպես երեխաների մեջ` ծնողներից, Ավոն պատասխանեց. «Երբեմն տատիկ-պապիկի տուն գնալուց Հենրին մեկ օր այնտեղ մնալու ցանկություն է հայտնում: Վերադառնում ենք տուն ու զգում, թե տունն ինչ դատարկ է ու զարմանում` ինչպես էինք մենք ապրում առանց մեր Հենոյի: Այս դեպքում արտերկիր գնալն էլ է բարդանում. երեխադ պետք է անընդհատ կողքիդ լինի, որ հանգիստ լինես»:

Ավոն նշեց, որ երբեմն հայրերի մոտ առաջ են գալիս մղումներ, որոնք առաջին հայացքից գուցե մայրական են. օրինակ, մտածում են` դպրոց գնալուց փողոցն ինչպես է անցնելու: Ըստ նրա` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երեխան անպաշտպան է, շատ դեպքերում չի գիտակցում վտանգը: Դերասանը նշեց, որ կցանկանար  նաև դուստր ունենալ, քանի որ կցանկանար վայելել այն «ուրիշ» քնքշությունն ու նրբությունը,  որ կա աղջիկ երեխաների մեջ :)


Ամալյա Հովհաննիսյան