Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն Էլժբետա Պենդերեցկան հիացած է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի մասնակիցներով: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամն այս տարի ևս «դատարկ ձեռքերով» չէր եկել Հայաստան: Լեհ անվանի կոմպոզիտոր և դիրիժ որ Քշիշտոֆ Պենդերեցկու կինը` Էլժբետա Պենդերեցկան, հատուկ մրցանակ շնորհեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի դաշնակահար Ստեփան Սիմոնյանին` դասական սոնատի լավագույն մեկնաբանության համար: Սիմոնյանը մրցույթին ներկայացրել էր Բեթհովենի թիվ 31սոնատը:

 

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Երևանում, այն քաղաքում և երկրում, որը իմ ամուսնու' Քշիշտոֆ Պենդերեցկու հողն է: Ցավոք նա չկարողացավ մեզ հետ լինել, բայց ես շատ ուրախ եմ, որ կարողացա մրցանակ շնորհել Խաչատրյանի սոնատի լավագույն կատարման համար»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Էլժբետա Պենդերեցկան:

 

Պենդերեցկան հիացմունքով ընդգծեց, որ ծանոթ է եղել Արամ Խաչատրյանի հետ: «Արամ Խաչատրյանը որպես հյուր եղել է մեր տանը և մենք շատ լավ գիտենք նրան: Նա այցելել է մեզ մի քանի անգամ: Հիասքանչ հիշողություններ ունենք նրա հետ կապված, նա հիանալի անձնավորություն էր: Երկու օր առաջ լսեցի Ռուսաստանի մասնակից Ստեփան Սիմոնյանին, ով կատարում էր Խաչատրյանի կոնցերտը, և շատ հավանեցի նրա կատարումը»,-ընդգծեց մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամը:

 

Էլժբետա Պենդերեցկան ափսոսանք հայտնեց, որ այս տարի ոչ ոք չարժանացավ առաջին մրցանակին: «Ես ինձ հետ Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի և Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի կողմից մրցանակ էի բերել, որը իրենից ներկայացնում էր զբոսաշրջային տուր Լեհաստանի ամենահետաքրքիր վայրերով, ափսոս, որ առաջին մրցանակակիր չունեցանք»,-փաստեց նա:

 

Պենդերեցկան բոլոր մասնակիցներին հաջողություններ մաղթեց, ընդգծելով, որ մրցույթը շատ դժվար երևույթ է, ոչ բոլորն են հաղթահարում այն և միշտ չէ, որ մրցանակը լավագույնին է տրվում: «Տաղանդավոր երիտասարդները մեր ապագան են: Մի հուսահատվեք, որ առաջին, երկրորդ, երրորդ կամ էլ չորրորդ մրցանակը չեք ստացել, պարզապես աշխատեք` նույնիսկ ավելի ինտենսիվ: Երաժշտությունը մեզ միավորում է և այսօր դա շատ կարևոր է»,-հավելեց նա:

 

Էլժբետա Պենդերեցկան նշեց, որ շատ ուրախ էր լսել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Նա չափազանց տաղանդավոր երիտասարդ դիրիժոր է: Ես հետևում եմ նրա կարիերային և նվագախմբի ստեղծագործական զարգացմանը: Նրանք չափազանց շատ են աճել: Շատ ուրախ եմ, որ Սերգեյ Սմբատյանը շուտով հանդես կգա Լեհաստանում եվրոպական լավագույն նվագախմբերից մեկի` Լեհական ռադիոյի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Դեկտեմբերին նա գալիս է մեզ մոտ և որպես դիրիժոր ղեկավարելու է այն: Սմբատյանն առաջին անգամ հանդես կգա Լեհաստանում և համոզված եմ, որ մեծ հաջողություն կունենա»,-հավելեց Պենդերեցկան:

 

Մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամը հույս ունի կրկին վերադառնալ Երևան հաջորդ տարի' Արամ Խաչատրյանի անվան 11-րդ մրցույթին: