Կանանց և մայրերին նվիրված տոները հիմնականում մեծ շուքով են նշվում, դրանց մեծ նշանակություն է տրվում, իսկ ահա հայրերին նվիրված տոները, կարծես թե, անտեսվում են: Թեև հարկ է նշել, որ տարվա ընթացքում քանակապես դրանք ավելի շատ են, բայց սա այն դեպքն է, երբ քանակը որակ չի ապահովում  և շատ դեպքերում չի էլ իմացվում, որ տարվա մեջ մի քանի այդպիսի տոն կա: Հայրերի հերթական օրը նշվել  է Հունիսի 15-ին, ինչի կապակցությամբ զրուցեցինք հայտնի հայրիկների հետ: Հարկ է նշել, որ զրուցակիցներիցս ոչ ոք չգիտեր, որ այդպիսի տոն կա: Թեև նրանք կարևորում են հոր դերն ընտանիքում, սակայն տոն չունենալուց առանձնապես չեն նեղսրտում:

 

 

Երգիչ Արսեն Սաֆարյանը երկու երեխա ունի` աղջիկ և տղա` տասնմեկամյա Էլենն ու հնգամյա Արթուրը: Նա և կինը երրորդ երեխան ունենալու ցանկություն էլ ունեն, սակայն չեն շտապում. «Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Աստված կամենա»:

 

Երգիչը նշեց, որ հայր դառնալուց հետո իր կյանքում լավ իմաստով ամեն ինչ փոխվել է. այժմ հասկանում է, որ միայն իր համար չի պատասխանատու: Այս դեպքում մարդու անունն ու պատիվը ոչ միայն իր, այլև երեխաների համար են ձևավորվում: Ըստ Արսենի` հայրն օրինակ է. ինքն էլ, երբ ցանկանում է նկատողություն անել իր բալիկներին, հիշում է, թե իր հայրն ինչպես էր իրեն նկատողություն անում. «Ե´վ հայրն է ծնող, և´ մայրը, սակայն անընդհատ խոսվում է մոր մասին` որպես սրբության, առաքինության, մաքրության, թեև հայրերն էլ բավականին մեծ դեր ունեն և´ կնոջ, և´ երեխաների համար: Զուր չէ, որ ասում են` կինը պարանոցն է, տղամարդը`գլուխը: Առանց գլխի` պարանոց լինի, թե այլ օրգան, չգիտեմ` ի՞նչ են անելու :) Մայրը տան ներսում է, իսկ հայրը պայմաններ է ստեղծում, ամբողջ օրը մտածում` ինչպես անի, որ իր երեխաների, ընտանիքի համար ամեն ինչ լավ լինի: Եթե մայրը տան պատիվն է, հայրը հզորությունն է, այն մեջքը, որին հենվում են թե´ մայրը, թե´ ընտանիքի մյուս անդամները»:

 

 

Արսենն անկեղծորեն ասաց, որ օրվա ընթացքում կարոտում է երեխաներին, քանի որ զբաղվածության պատճառով չի հասցնում հաճախ լինել նրանց հետ և խաղալ կամ դասերը պատրաստել: «Այդ առումով ես ինձանից դժգոհ եմ, սակայն ամեն դեպքում փորձում եմ վայելել իրենց մանկությունը, քանի որ գիտեմ` տարիներ անց, երբ իրենք մեծանան, ամեն ինչ այլ է լինելու»,- նկատեց երգիչը: Չնայած նա իրենից դժգոհ է`  հետևողական է կրթության հարցում, փորձում է ուրախություն պարգևել երեխաներին` կազմակերպելով նրանց տոները, ինչպես նաև հաճախ նվերներ  է մատուցում: «Տարբեր երկրներից ու Հայաստանի մարզերից նվերներ եմ բերում: Այդ ժամանակ մոռանում եմ իմ մասին. շատ եմ սիրում իրենց համար հագուստներ գնել: Նրանց ուրախացնելու այդ հնարավորությունը բաց չեմ թողնում»,- հպարտությամբ ասաց երգիչը:


Ամալյա Հովհաննիսյան