Կանանց և մայրերին նվիրված տոները հիմնականում մեծ շուքով են նշվում, դրանց մեծ նշանակություն է տրվում, իսկ ահա հայրերին նվիրված տոները, կարծես թե, անտեսվում են: Թեև հարկ է նշել, որ տարվա ընթացքում քանակապես դրանք ավելի շատ են, բայց սա այն դեպքն է, երբ քանակը որակ չի ապահովում  և շատ դեպքերում չի էլ իմացվում, որ տարվա մեջ մի քանի այդպիսի տոն կա: Հայրերի հերթական օրը նշվել  է Հունիսի 15-ին, ինչի կապակցությամբ զրուցեցինք հայտնի հայրիկների հետ: Հարկ է նշել, որ զրուցակիցներիցս ոչ ոք չգիտեր, որ այդպիսի տոն կա: Թեև նրանք կարևորում են հոր դերն ընտանիքում, սակայն տոն չունենալուց առանձնապես չեն նեղսրտում:

 

 

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Հրաչյա Հարությունյանը նշեց, որ հայր դառնալուց հետո կյանքը ոչ թե փոխվում է, այլ առավել կարևորվում: Ըստ նրա` այդ բառը ներառում է մյուս բոլոր հատկությունները, այդ թվում` պատասխանատվությունը, որը տղամարդու կյանքում մեծանում է հենց հայր դառնալուց հետո: Ըստ դերասանի` ընտանիքում չպետք է առանձնացնել մոր կամ հոր դերը: «Ես սխալ եմ համարում նաև այն, որ երեխային հարցնում են` մամայի՞դ ես սիրում, թե՞ պապայիդ: Դա շատ ծիծաղելի ու նույնիսկ վիրավորական հարց է: Ես դեմ եմ ծնողների արժեքների տարանջատմանը»,- նկատեց Հրաչյան:


Դերասանի խոսքերով` ինքն ու դուստրը` երգչուհի Սիրուշոն, շատ կապված են. «Ինչպես առաջ, այնպես էլ հիմա շատ կապված եմ աղջկաս հետ: Մենք շատ հարցերում ենք իրար նման: Դա Սյուզին էլ է հաճախ նկատում»:

 

 

Հրաչյայից տեղեկացանք, որ իր և դստեր սիրելի զբաղմունքներից մեկը միասին զրուցելն է. «Դա, թերևս, մեր ամենասիրելի զբաղմունքներից էր: Զրուցում ենք ոչ միայն երաժշտությունից և արվեստից, այլև ամենատարբեր թեմաներից, ինչու չէ նաև փիլիսոփայում ենք :) Կարող եմ ասել, որ ես երկրագնդի ամենաերջանիկ հայրն եմ, որովհետև ամենալավ աղջիկը հենց իմ աղջիկն է: Ես սովորաբար բառեր չեմ շռայլում, սակայն այս դեպքում կարող եմ հստակ ասել, որ երջանիկ հայր եմ»:

 

Դերասանը նշեց, որ իրենց ընտանիքում հատուկ դերաբաշխում չի եղել` դստեր իրերն ու նվերները ով պետք է գնի` հա՞յրը, թե՞ մայրը: Նրանք հիմնականում արտերկրից են գնումներ անում, և դա անում է նա, ով այդ պահին մեկնել է հյուրախաղերի, իսկ եթե ինքն ու Սյուզանը միասին են եղել, համատեղ են դրանք կատարել: Նա չմտաբերեց ամենահիշարժան նվերը, որ արել է դստերը կամ ստացել նրանից, քանի որ իրենց ընտանիքում երբեք ուշադրության պակաս չի եղել: «Մեզ մոտ օրը 24 ժամ կա այդ ուշադրությունը, և ինչ-որ բան առանցնացնել չեմ կարող»,- ընդգծեց նա:


Ամալյա Հովհաննիսյան