Շվեյցարացի դիրիժոր, դաշնակահար, Լյուցերնի օպերայի և բալետի թատրոնի երաժշտական ղեկավարի տեղակալ Միքայել Վենդեբերգը երրորդ անգամ հանդես կգա Հայաստանում: Անվանի երաժիշտը Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 19-ին, որպես դիրիժոր, հանդես կգա Վերդիի 4 գործողությամբ «Տրավիատա» օպերայում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին օպերային թատրոնի լրատվական բաժնից, բացի այդ, Վենդեբերգը մեր երկրում հանդես կգա որպես դաշնակահար: «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում, հունիսի 22-ին կանցկացվի կամերային երաժշտության երեկո, որի ընթացքում կհնչեն Մոցարտի և Բրամսի գործերը:

 

Միքայել Վենդեբերգի նախաձեռնությամբ` ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան մինչև տարեվերջ կհամալրի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը: Մինչև բեմադրվելիք օպերայի համար նախատեսված բեմական հագուստներն ու դեկորացիաներն ստեղծելը` «Կախարդական սրինգը» փետրվարի 2-ին ներկայացվեց համերգային կատարմամբ:

 

«Շատ տպավորված եմ հայկական հյուրընկալությամբ: Չգիտեի, որ նման բան կարող է լինել: Մինչև Հայաստան գալը ճանաչել եմ միայն Արամ Խաչատրյանին, ժամանակին նվագել եմ նրա գործերից մեկը: Օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտները շատ ունակ են, հեշտորեն են ընկալում դիտողությունները և արագ են սովորում: Նկատվում է ռուսական երաժշտական դպրոցի ազդեցությունը: Մոցարտի երաժշտությունն այստեղ այնքան էլ հաճախ չի հնչում: Պլանավորում ենք այս տարի օպերան ներկայացնել հայ հանդիսատեսին»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ավելի «վաղ նշել էր Միքայել Վենդեբերգը:

 

Դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը ծնվել է 1974թ., Գերմանիայում: Որպես դաշնակահար ուսանել է Մարկուս Ստենջի, Բեռնդ Գլեմսերի և Բենեդետտո Լուպոյի դասարաններում, որպես դիրիժոր` Տոշիյուկի Կամիոկայի մոտ: Աշխատել է Բեռլինի պետական կապելլայի, Քյոլնի «Մյուզիք ֆաբրիկ», Բեռլինի «Նոր երաժշտություն» կամերային, Շտուտգարտի «Նոր վոկալ սոլիստներ» անսամբլների, Բեռլինի Apolloni et Musis պետական օպերային թատրոնի կամերային երգչախմբի, Լյուբլյանայի ֆիլհարմոնիկ և Վուպերտալի սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ որպես դիրիժոր: Հանդես է եկել նաև Ցյուրիխի Collegium Novum անսամբլի հետ՝ որպես առաջին հրավիրված դիրիժոր: 2008-2010թթ. աշխատել է Բեռլինի պետական օպերային թատրոնում՝ Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ, որտեղ եղել է նաև Պիեռ Բուլեի և սըր Սիմոն Ռեթթլի ասիստենտը: 2010-2011թթ. ղեկավարել է Մանհեյմի ազգային թատրոնի նվագախումբը: 2011թ.-ից աշխատում է Լյուցերնի թատրոնում՝ որպես դիրիժոր և երաժշտական ղեկավարի տեղակալ: Ներկայումս Contrechamps անսամբլի երաժշտական ղեկավարն է: Վենդեբերգը մասնակցել է Մյունխենի և Վենետիկի բիենալեներին, Վիեննայի «Մոդեռն», Բրեգենզի, Մադրիդի, Շտուտգարտի, Էկլայի և Լյուցերնի փառատոններին և այլն: Նրա երկացանկում ընդգրկված են դասական, ժամանակակից և նեոժամանակակից ստեղծագործություններ՝ Բախից մինչև Շոնբերգ: Արվեստագետին հատկապես հետաքրքրում է տարբեր մշակույթների ավանդույթների բախումն ու ընկալումը, հնագույն և ժամանակակից երաժշտության վերարտադրումը և մատուցումը: Օպերային բեմադրություններում Վենդեբերգը փնտրում է բեմական և երաժշտական հայեցակարգերում համագործակցության եզրեր: