ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 12-ին մեկնարկել է «Ջահուկյանական ընթերցումներ» միջազգային հայերենագիտական գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրիայից, Շվեդիայից, Իրանից, Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր բացման խոսքում նշել է, որ անցած տարիների ընթացքում գիտական հանրության ուշադրությանն են ներկայացվել լեզվի ուսումնասիրության տարբեր բնագավառներին վերաբերող հարյուրավոր աշխատանքներ, տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ և բանավեճեր, որոնք էականորեն նպաստել են հայ լեզվաբանական մտքի զարգացմանը:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաեւ ԱՄՆ հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գևորգ Բարդակչյանը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը: Այնուհետեւ գիտաժողովի մասնակիցները ներկայացրել են իրենց զեկույցները, որոնք նվիրված են եղել հայոց լեզվի զարգացմանը, կառուցվածքին, գործառույթներին: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի նաեւ հունիսի 13-ին։
«Ջահուկյանական ընթերցումներ» խորագրով գիտաժողովները լեզվի ինստիտուտում կազմակերպվում են ամեն տարի՝ սկսած 2006 թ-ից: