ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շահերը ներկայացնող փաստաբան Անատոլի Կուչերենան վեպ է գրել իր խնամարկյալի մասին եւ դրա Էկրանավորման իրավունքները վաճառել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին: Այս մասին հայտնել է Կուչերենան ինքը:

 

«Ես Օլիվեր Սթոունի եւ նրա բազմամյա գործընկերոջ եւ պրոդյուսերի՝ Մորից Բորմանի հետ համաձայնագիր եմ կնքել իմ «Ծովահրեշի ժամանակը» վեպի էկրանավորման իրավունքների վաճառքի մասին, որը լույս կտեսնի այս տարի»,- ասել է ռուսաստանցի փաստաբանը:

 

Գրքում պատմվում է ամերիկացի իրազեկիչ Ջոշուա Քոլդի պատմությունը, որին հետապնդում է իր կառավարությունը: Քոլդն, սպասելով իրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների որոշմանը, երեք շաբաթ մեկուսացված անց է կացնում Մոսկվայի օդանավակայանի տարանցիկ գոտում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սնոուդենի մասին պատմության Էկրանավորման համար կօգտագործվի «Էդվարդ Սնոուդենի ֆայլերը. աշխարհում ամենաորոնվող մարդու պատմությունը ներսից» գիրքը, որը տարեսկզբին լույս է ընծայել Լյուկ Հարդինգը:

 

Սթոունը Variety-ին հայտարարել Է, որ ինքը պատրաստվում Է օգտագործել երկու ստեղծագործություններն էլ: