Հոբելյանական համերգով Հայաստանում է Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոոդյուսեր և կոմպոզիտոր Վախթանգ Կիկաբիձեն: Հունիսի 9-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Իմ տարիները իմ հարստությունն են» խորագրով համերգը` նվիրված արվեստագետի 75-ամյակին: «Տարին հոբելյանական է ինձ համար: Ոչ ոք չգիտի` վաղն ինչպիսին կլինի իմ առողջությունը, ուստի սկսեցինք հոբելյանական համերգներվ հանդես գալ Ղազախստանում, Հունաստանում, իսկ հիմա  եկել ենք Երևան: Հաճելի է, որ առաջարկությունը ես չեմ արել հայերին` նրանց անհարմար վիճակի մեջ չդնելու համար: Եվ շատ ուրախացա, երբ նրանք զանգահարեցին ու առաջարկեցին ելույթ ունենալ Երևանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կիկաբիձեն:

 

Համերգին կնհչեն սիրված երաժշտի հեղինակային երգերը: «Ես երգ եմ գրել մեր բակի մասին, ուր ապրում էին 17 ազգությունների մարդիկ: Այն կոչվում է «Տղաներ» («Пацаны»): Մինչև մոտ 5-6 տարեկանը ինձ թվում էր` նրանք բոլորը վրացիներ են, հետո միայն հասկացա, որ բոլորը վրացերեն են խոսում, բայց ազգությամբ ռուս, հայ, գնչու, ադրբեջանցի, քուրդ են: Կային նիտալացիներ, հույներ: Մենք այդպես էինք ապրում. այն ժամանակ չկար ազգային տարանջատում մարդկանց միջև: Երկրորդ երգը այն մասին է, որ ռուսները կարծում են, թե թամադան մասնագիտություն է: Ես այն անվանել եմ « Խմիր մինչև վերջ» («Пей до дна!»): Երգն այնպես է գրված, որ միանգամից հասկանալի է դառնում, որ դա սեղանի մոտ պահվածքի մշակույթ է, և թամադան չի ստեղծվել խմեցնելու համար, նա զրույց է վարում, և Կովկասում թամադա է նշանակվում այն մարդը, ում հետաքրքիր է լսել»,- նշեց նա` հավելելով, որ երիտասարդ սերնդի շրջանում չի տեսնում մեկին, ով կկարողանար գրել այն, ինչ իրեն է հետաքրքրում, իսկ նրանցից շատերը, ում հետ աշխատել է ժամանակին, արդեն չկան կամ ցրված են տարբեր վայրերում:

 

«Ես երբեք չեմ մտածել, որ երգելու եմ: Շատ էի ուզում նկարել: Շատ նկարիչ ընկերներ ունեմ և երբ ազատ եմ լինում, վատ եմ ինձ զգում կամ էլի ինչ-որ բան, գնում եմ նրանց մոտ և նայում, թե ինչպես են նկարում: Նախանձում եմ: Մայրս շատ էր մտահոգվում, որ եթե նկարիչ դառնամ՝ որտեղ եմ նկարելու` մեր ութ քառակուսի մետր սենյակո՞ւմ, թե՞ միջանցքում: Էստրադայում հայտնվեցի փողոցից, լրիվ պատահաբար... Բայց երբ առաջին անգամ տեսա մեծ քառակուսի բարձրախոսը, այն ձգեց ինձ, այլևս չկարողացա հանել մտքիցս: Դրանից հետո ոչ ոք ինձ փողոցում չտեսավ»,-պատմեց Կիկաբիձեն:

 

Սիրված երգչի հետ ելույթ կունենա նաև զարմուհին` Լիզա Բագրատիոնին, ով հայտնի էստրադային երգչուհի է Վրաստանում: Համերգի կազմակերպիչն է «Մեցցո փրոդաքշն» ընկերությունը: Հաջորդ համերգը ծրագրված է Բաթումում: