«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը կմեկնարկի հունիսի 21-ին: Փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն տարատեսակ կինոդիտումներ, համերգներ, կինոճամբարներ մարզերում: Ինչպես տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, «Ֆրեսկո» միջազգային փառատոնի մրցանակները պատրաստում են ոչ թե միջազգային վարկանիշով մաս նագետները, այլ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
Կազմակերպիչներն արդեն չեն էլ հիշում՝ ինչպես ծնվեց Խարբերդի մանկատան հետ համագործակցության միտքը: Այսօր արդեն աշխատանքները թեժ փուլում են. մանկատան կավագործության խմբակի սաներն արդեն մրցանակի պատրաստի օրինակներ ունեն:
«Ես չոր կավը բերում եմ, իրենք մաղում, մշակում, տրորում են ու ստանում այն նյութը, որով կարող են աշխատել: Դրանից պատրաստում ենք ձկները, որոնք մնում, չորանում են այն աստիճանի, որ խոնավությունը չնչին է լինում, թրծում ենք հատուկ վառարանում 900°C ջերմաստիճանի տակ: Դրանից հետո նորից մշակում ենք, թրծում արդեն 920°C ջերաստիճանում և ներկում ենք»,- արձանիկ-ձկնիկների պատրաստման ընթացքն է ներկայացնում մանկատան կավագործության ուսուցիչ Սասուն Քոսակյանը:
Կավագործության խմբակ այցելող շուրջ 40 երեխաներից արձանիկների պատրաստմանը մասնակցում են 5-6-ը: Փառատոնի խորհրդանիշ ձկան արձանիկները պատրաստվում են կավից, իսկ որպես պատվանդան՝ ծառայում են հասարակ քարերը, որոնք ևս մշակում են երեխաները: Մանկատան սաներից մեկը՝ Համլետը պատրաստակամությամբ բացատրում է, թե ինչպես է աշխատում ու նշում, որ ամեն ինչ անում են, որ «կարևոր արձանիկները լավ ստացվեն»:
«Ֆրեսկո» փառատոնի մրցանակաբաշխության օրն այդ արձանիկները կստանան շուրջ 10 անվանակարգերում հաղթող ճանաչված ֆիլմերի հեղինակները: Թե ում բաժին կհասնի արձանիկը, կորոշի փառատոնի ժյուրին, իսկ մինչ այդ փառատոնի հերոսները, շուրջ 40 հաշմանդամ մանուկներն են, որոնք ստանձնել են փառատոնի ամենաներկայանալի աշխատանքներից մեկի իրականացումը:
«Սահմանափակ կարողություններով երեխաների հետ աշխատանքը «Ֆրեսկոյի» համար ոչ միայն հաճելի, այլև սկզբունքային մոտեցում է: Սա, մի կողմից, փառատոնի եռուզեռին նրանց մասնակից դարձնելու ձև է, մյուս կողմից՝ այսօր մեր երկրում խիստ արդիական խնդիրներին ոչ միայն խոսքով, այլև գործով մոտենալու հնարավորություն»,- ասում են փառատոնի կազմակերպիչները:
Արձանիկների հեղինակները խոստանում են՝ յուրաքանչյուր մրցանակ լինելու է եզակի: «Արդեն 15-20 օր է՝ աշխատում են: Կոտրում են, նորից են սարքում, ճաքում է, նորերն են պատրաստում, ու այդպես շարունակ: Չեմ կարծում, որ երկու արձանիկ իրար նման ստացվեն: Թեման նույնն է, բայց բոլոր աշխատանքներն իրարից տարբեր են, որովհետև նույնիսկ մեկ դետալի վրա մի քանի հոգի են աշխատում»,- ասում է Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը:
Միջազգային փառատոնի բոլորովին նոր բանաձև առաջարկող նախաձեռնությունը 10 օր շարունակ կդառնա հայաստանցիների ամառային առօրյայի մի մասը: