Ամբողջ աշխարհում հարցման մասնակիցների ավելի քան կեսը (59 տոկոս) կարծում է, որ կրոնը դրական դեր է խաղում հասարակության կյանքում: Հակառակ կարծիքին է յուրաքանչյուր հինգերորդ հարցվածը (22 տոկոս), իսկ այս հարցում առավել թերահավատորեն են տրամադրված Արևմտյան Եվրոպայի բնակիչները:
Գլոբալ հարցման արդյունքները, որը կատարել է Gallup International/WIN անկախ հետազոտական գործակալությունների ասոցիացիան, հունիսի 4-ին ստացվել է «Ինտերֆաքս» գործակալությունում: Սոցիոլոգների հարցերին պատասխանել է գրեթե 70 հազար մարդ 65 երկրներում, յուրաքանչյուր երկրում ըստ ազգային ներկայացուցչական ընտրանքի:
Ամենից շատ հարցվածներ, որոնք կարծում են, թե կրոնը դրական դեր է խաղում հասարակության կյանքում, սոցիոլոգները գրանցել են Աֆրիկայում (65 տոկոս), որին հաջորդում են Ամերիկայի երկու մայր ցամաքների (54 տոկոս), Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների բնակիչները (50 տոկոս): Ընդհանուր առմամբ, ինչպես նշված է հետազոտության մեջ, «հարցվածները համապատասխան հարցին բացասական պատասխան են տվել 9 երկրներում, որոնցից 6-ը գտնվում են Արևմտյան Եվրոպայում: Դրանք են՝ Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Իսպանիան և Շվեդիան», նշված է մամուլի տեղեկագրում:
Հասարակության կյանքի վրա կրոնի դրական ազդեցության հարցում առավել մեծ համոզվածություն են ցուցաբերել Ինդոնեզիայի բնակիչները (95 տոկոս): Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում այս թիվը կազմում է համապատասխանաբար 43 տոկոս և 6 տոկոս: «Եթե հարցման մասնակիցների գնահատումներին նայենք եկեղեցիների կտրվածքով, ապա նրանց առավել մեծ թիվը, ովքեր կրոնը համարում են հասարակության վրա դրական ազդեցություն գործող երևույթ, արձանագրվել է մահմեդականների (76 տոկոս) և բողոքականների մեջ (72 տոկոս), իսկ ամենից քիչը՝ հնդուականների շրջանում (55 տոկոս)»,- նշում են սոցիոլոգները: