Դերասան Դավիթ Սեխպեյանը տևական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ում է, որտեղ ոչ միայն սովորում է, այլև ծավալում ստեղծագործական գործունեություն: Այս օրերին Դավիթը նկարահանվում է Դիանա Գրիգորյանի սցենարով «Կտակով թագուհին» բազմասերիանոց ֆիլմում: Դերասանից տեղեկացանք, որ հիմնական աշխատանքներն արդեն ավարտվել են, այժմ նկարահանում են վերջին տեսարանները:
«Ինձ շատ հաճելի էր նկարահանվել այս ֆիլմում: Կան մարդիկ, ում ֆիլմերով ես մեծացել եմ` Արթուր Դարբինյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը, Ալիս Կապլանջյանը: Մեծ պատիվ է, որ այսօր աշխատում եմ նրանց հետ,- ESem.am-ի հետ զրույցում հպարտությամբ ասաց Դավիթը` հավելելով, որ նկարահանումները շատ հետաքրիր են անցել: -Հայկական ջիգյարով նույն մթնոլորտն է. չեղածից քեֆ սարքելու սովորությունը: Ուղղակի չես գնում աշխատանքի, վերադառնում տուն, դա շատ կարևոր է»:
Դերասանը նշեց, որ ԱՄՆ-ում էլ կա հայկական շունչը. «Պապիկները, միևնույնն է, իրենց համար տաղավար կգտնեն, որտեղ կարող են կարտ, շախմատ խաղալ, կանայք` սուրճ խմել, տղամարդիկ` երեկոյան աշխատանքից հետո իրենց քննարկումներն անել:) Այսինքն` հայկական տրամադրությունը կա, ինչը շատ կայֆ ա:)»: Դավթից տեղեկացանք, որ փորձում է հավասարաչափ շփվել նաև տեղացիների հետ, որպեսզի հասկանա մենթալիտետն ու, ինչպես ինքը նշեց, լեզուն «բացվի»:
Այս ընթացքում դերասանն ամերիկյան երկու դպրոցում անհատական մեկամսյա դասընթացներ է ավարտել, խոստովանում է, որ դա հեշտ գործ չէր, քանի որ լավ չի տիրապետում անգլերենին: «Գուշակում էի ինչի մասին են դասերը :),- ասաց նա` նշելով, որ միայն իր մասնագիտությամբ է զբաղվում և շատ է սովորում: -Դերասանական երկու կարճ կուրս ավարտեցի: Այժմ ուսումնասիրում եմ դասական կիթառ (դա կտևի 3-4 տարի, քանի որ այլ մակարդակի է), մյուս տարի էլ հիմնական քոլեջ կընդունվեմ` դերասանի վարպետության բաժին, կզուգահեռեմ կիթառի դասերի հետ: Նաև առավոտից երեկո լեզուն եմ սովորում. ամոթ է խոստովանեմ, բայց երբ եկա, անգլերեն չգիտեի»: Դավթից իմացանք, որ առաջիկա 5 տարվա նպատակները կապված են ԱՄՆ-ի հետ, թեև նախատեսում է գալ նաև Հայաստան, քանի որ արդեն կարոտել է:
Դերասանի փոխանցմամբ` “Everything for sale” ներկայացումը, որում խաղում էր նաև ինքը, հաջողություն է ունեցել, նույնիսկ, Լոս Անջելեսում 2 անգամվա փոխարեն 4 անգամ են խաղացել: Հնարավոր է` այն խաղան նաև նավի վրա, թեև դա դեռ հստակ չէ: Այժմ Դավիթը մտածում է իր ներկայացումը բեմադրելու մասին, սակայն դեռ որոշ տեխնիկական հարցեր պետք է լուծի: «Այդ ներկայացումը կարծես կոկորդիս կանգնած լինի: Ամեն անգամ ուզում եմ սկսել, բայց մտահղացումներն անընդհատ զարգանում են: Ուզում եմ այնպես անել, որ շատ լավը լինի: Բացի այդ, պետք է սպասեմ, որ մազերս երկարեն, քանի որ բեմում չեմ սիրում պարիկ օգտագործել»,- ասաց դերասանը, ով երկար մազերից հրաժարվել է կերպարի համար, սակայն արդեն մտածում է դրանք կրկին երկարացնելու համար:
Ի դեպ, մազերը կտրելուց անմիջապես հետո նա հայտնվել է նաև ամերիկյան ոստիկանության ուշադրության կենտրոնում:) «Համարյա քաչալ էի, սուշի էի պատվիրել, սպասում էի պատվերս լինի, վերցնեմ, գամ տուն: Մաքուր օդին կանգնած ծխում էի, «փոլիսը» մոտեցավ (էստեղի «փոլիսը» շաաատ վախենալու է, կարծես հատուկ պարապած լինեն:)), թեթև վիճանանություն ունեցանք, քանի որ մի քիչ կոպիտ էր մոտեցումը: Իր հետ կին «փոլիս» էլ կար, ով փրկեց իրավիճակը. ներողություն խնդրեց, ասաց` ուղղակի դեպք է տեղի ունեցել, մարդիկ ձեր արտաքինն են նկարագրել:) Մի քանի ժամ բանակցություններից հետո ֆիմերից հավաքած ինչքան իրավաբանական գիտելիքներ ունեի, առաջ գցեցի, բացատրեցի, ի վերջո «փոլիսը» գնաց»,- պատմեց Դավիթը ` ավելացնելով, որ որքան էլ զայրանում ես նման իրավիճկում, լավ է, որ ոստիկանությունն ուշադիր է և ապահովում է մարդկանց անվտանգությունը:
Վերադառնալով ստեղծագործական նորություններին դերասանը նշեց, որ ոչ միայն հայերի, այլև այազգիների հետ համագործակցելու հնարավորություն ունի, սակայն հիմա դա նպատակահարմար չէ` հաշվի առնելով, որ լիարժեք չի տիրապետում լեզվին: «Ուշադրությանս կեսը լինելու է բառերը հիշելու, ճիշտ արտաբերելու ուղղությամբ, ինչը խանգարելու է աշխատանքին, թե չէ անհնարին ոչինչ չկա: ժամանակին մարդիկ երազում էի թռչելու մասին, այսօր դա նպատակ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Դավթի երաժշտական կարիերային, նա նշեց, որ որոշել է չշտապել, քանի որ այն, ինչ սկսի անել, պետք է ամուր հիմք ունենա, ոչ թե ժամանակավոր երևույթ լինի: «Ես սոլո կարիերայի նպատակ չունեմ, խումբ եմ ուզում ունենալ»,- ասաց նա` հավելելով, որ արդեն ունի ծանոթներ, ովքեր մեկը մյուսից տաղանդավոր են, սակայն այժմ իր մոտ սովորելու փուլն է: «Իմ օրվա 80 տոկոսը զբաղեցնում է սովորելը: Ամեն դեպքում հիմա մի երգ ունեմ գրված, որը մտածում եմ երեխայի հետ անել: Մտածում եմ` արժե՞ անել, թե ոչ»,- ասաց դերասանը, ով այժմ համապատասխան երեխայի է փնտրում:
Դավիթը նշեց, որ իրեն շատ է աջակցում կինը` Նարինեն, ով չնայած զբաղվածությանը (նա աշխատում է բուժկենտրոնում և մանկապարտեզում` որպես մանկական հոգեբան), ժամանակ է գտնում ու գնում նկարահանումներին: «Երբ նա կողքիս չի լինում, չի լինում աշխատել :) Իմ աշխատանքի մեջ ամեն ինչ Նարինեն է անում. ինձ պատրաստում է, որ իմ անելիքն անեմ»,- ասաց նա:
Հայաստան-ԱՄՆ կապն ապահովեց Ամալյա Հովհաննիսյանը