«Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում երգի մրցույթին Հայաստանի այս տարվա հավանական մասնակցի հարցն է բարձրացվել: Ինչպես արդեն տեղեկացրել է Bravo.am-ը, մայիսի 14, 16, 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ի Հայաստանի մասնակցին եւ երգը կընտրի Հ1-ը:
Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, թե ասեկոսեներ են պտտվում, որ մեր երկիրը կրկին կներկայացնի Սիրուշոն: Նա 2008-ին իր «Քելե-Քելե» երգով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, որը «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ Հայաստանի դեռեւս լավագույն արդյունքն է:
Անդրադարձ է կատարվել նաեւ երգչուհու՝ վերջերս թողարկված «ՊռեԳոմեշ»-ին, որը այսօրվա դրությամբ կարճ ժամանակահատվածում ամենաշատ դիտում գրանցած տեսահոլովակն է Հայաստանում (մեկ օրվա ընթացքում՝ 125.000, առաջին երեք շաբաթվա ընթացքում՝ 560.000):
«Ցանկացած մեկը կարող է դիտարկվել որպես մրցույթի ներկայացուցիչ, այդ թվում՝ նաեւ Սիրուշոն, սակայն քննարկումները դեռեւս շարունակվում են»,- նշել է «Եվրատեսիլ» նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ դեռեւս ոչինչ որոշված չէ:
Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանն էլ Bravo.am-ի հետ զրուցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը. «Ամեն տարի Հայաստանում ու արտերկրում որպես հավանական թեկնածու քննարկվում է Սիրուշոյի անունը: Հաճելի է, բայց այս պահին չեմ կարող ավելին ասել. կյանքն անկանխատեսելի է, կարող է օրեր հետո ինչ-որ բան փոխվի, հիմա պարզ չէ»: