Google կորպորացիան ծրագրում է ավելի քան 1 միլիարդ դոլար ներդնել 180 արբանյակների արձակման գործում, որոնք Համացանցով կապահովեն աշխարհի հեռավոր բնակավայրերը: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ աղբյուր: Բուն կորպորացիայում ծրագիրը մեկնաբանելուց հրաժարվել են:
Ըստ հրատարակության տվյալների՝ արբանյակները կարձակվեն երկրաշուրջ ցածր ուղեծիր: Նախագծի հետ կապված աշխատանքները կատարելու են O3b Networks ընկերության հիմնադիր Գրեգ Ուայլերը և SpaceSystems/Loral LLC ընկերության ինժեներները:
Ավելի վաղ Google-ը ձեռք է բերել Titan Aerospace ընկերությունը, որը մասնագիտացած է արեգակնային էներգիայով աշխատող անօդաչու թռչող ապարատների մշակման բնագավառում: Գործարքի շնորհիվ Google-ը մտադիր է Համացանցից օգտվելու հնարավություն ապահովել զարգացող երկրների համար, որտեղ ծառայությունը բավականաչափ տարածված չԷ: