Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկա կատարած այցը չափազանց արդյունավետ է համարում: Իր այցի ընթացքում հայ ռեժիսորն այնտեղ ներկայացրել է արցախյան ազատամարտի մասին պատմող հայ-լիտվական համատեղ արտադրությամբ նկարահանված «Թևանիկ» ֆիլմը, ինչպես նաև իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը: Վերջինս մասին Ջիվանը խոսել է կինոշուկայի թե հայկական և թե ռուսական տաղավարներում` առաջացնելով ադրբեջանական հերթական հիստերիան: Վերջին բնակիչը» ֆիլմի պատմում է Արցախ աշխարհի մասին: Կինոնկարի դեպքերը տեղի են ունենում 1988-1989 թվականներին:

 

«Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն էր ընձեռել ինձ Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում ներկայացնել իմ նոր պատմությունը: Բացի այդ, ռուսական կողմը ևս թույլատրել էր իր տաղավարում մի քանի րոպե ներկայացնել նախագիծը: Նրանք ամեն տարի ընտրում են մի քանի նախագծեր, որոնց հեղինակներին հնարավորություն են տալիս մի քանի րոպեով հանդես գալ իրենց տաղավարում: Այս տարի նախագծերից մեկն էլ «Վերջին բնակիչն» էր: Որպես կանոն ռուսական տաղավարում ներկայացվելիք ֆիլմը պետք է ունենա ռուսական համարտադրող, սակայն ես չունեի, բայց նրանց դուր էր եկել պատմությունը և որոշել էին բացառության կարգով թույլ տալ այն ներկայացրել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:

 

«Վերջին բնակիչը» ֆիլմի կիզակետում դարձյալ Արցախն է: Դեպքերն ընթանում են Արցախի գյուղերից մեկում: Այն մի մարդու մասին պատմող դրամատիկ պատմություն է: Ներկայացնում է 1988-1989 թվականի դեպքերը` Սումգայիթի ողբերգությանը զուգահեռ, որը չնայած չկա ֆիլմում, բայց իր հետքն է թողել մարդկանց վրա: Կինոնկարի սցենարի հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը և Մասիս Բաղդասարյանը: Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմում գլխավոր հերոսներին կմարմնավորեն հայտնի դերասաններ Թուրքիայից, Իրանից, Լիտվայից և Հայաստանից: Չորս գլխավոր հերոսների դերերում հանդես են գալիս տարբեր երկրների ներկայացուցիչներ: Այն հավանաբար կնկարահանվի 2015 թվականի ընթացքում, այնուհետև հաջորդ տարի կներկայացվի հանրության դատին:

 

Ջիվանը խոստովանում է, որ փոքր-ինչ հուզված էր նախագիծը ներկայացնելիս: Սակայն ռեժիսորի հաջողությունը զայրացրել է հարևան երկրին: Ադրբեջանական vesti.az կայքում օրեր առաջ «Ռուսաստանը հայերին օգնել է Կաննում հակաադրբեջանական ֆիլմ ցուցադրել» վերնագրով հոդված հայտնվեց: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ ոչ մի հեղինակավոր փառատոն անմասն չի մնում «ճարպիկ հայերի» ներկայությունից: Կայքն ընդգծում է, որ աղքատ հայերը միջոցներ չեն ունեցել առանձին տաղավար վարձելու համար (իրականում հայկական տաղավար եղել է) և խնդրել են օգնություն ռուսներից: Ռու սներն էլ, vesti.az-ի համոզմամբ, տեղյակ էլ չեն եղել, թե ինչի մասին է ֆիլմը: Սակայն Ջիվան Ավետիսյանը բացահայտոմ է ճշմարտությունը: «Ռուսներին անակնկալի չենք բերել, իրենք տեղյակ էին պատմության մասին և շատ էին հավանել այն: Երբ մենք գովազդի կարիք ենք ունենում, Ադրբեջանը ճիշտ ժամանակին հասնում է և գովազդում մեր ֆիլմերը: Նախորդ անգամ էլ այդպես եղավ, երբ իրենց կառավարությունը Լիտվային բողոքի նոտա էր հղել, դա նպաստեց, որ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց հենց Լիտվայում: «Թևանիկ» ֆիլմն ավելի շատ հանդիսատես է ունեցել Ադրբեջանի սև PR-ի շնորհիվ, շնորհակալ ենք»,-ընդգծեց Ջիվան Ավետիսյանը:

 

Հայ ռեժիսորը դեմ է նաև կայքի այն կարծիքին, որ իր ֆիլմերում նա հայերին ներկայացնում է որպես աստծո գառներ, իսկ ադրբեջանցիներին՝ բարբարոսներ: Vesti.az-ի հեղինակը պնդում է, թե ադրբեջանցիները «իրական» ֆիլմեր պետք է նկարեն արցախյան կոնֆլիկտի մասին:

 

Ջիվան Ավետիսյանը վստահ է, որ Ադրբեջանն Արցախի մասին իրական ֆիլմեր չի կարող նկարահանել: «Դուք երեք պատճառով Արցախի մասին ֆիլմ չեք կարող նկարահանել: Նախ, եթե նկարեք Շուշիից Բաքու փախչող զորքի մասին, դժվար թե մարդիկ դիտեն: Երկրորդ` կինոն միայն գումարով չէ: Առաջին հերթին գաղափար է պետք: Երրորդ` ադեկվատ ազերիները` որպես դրական հերոսներ հենց իմ ֆիլմերում էլ կան, օրինակ` Ֆաթիմա խաթունը: Իսկ եթե դուք դրական հայ ունենաք ֆիլմում, Կաննի փոխարեն բանտում կհայտնվեք»,-դիմելով ադրբեջանցի հեղինակին` փաստում է Ավետիսյանը. «Ես անաչառ պատմություն եմ պատմում, թող իրենք էլ նույն անաչառությամբ պատմեն, պետք է որ կեղծեն և այդ կեղծ փաստերով ֆիլմը գուցեև հայտնվի Կաննում և եղանակ ստեղծի»:

 

Կաննի կինոփառատոնի շուկայում հայտնվելով` հայ ռեժիսորը հասկացավ, որ այնտեղ պետք է որոշակի գումար ունենաս, որպեսզի կարողանաս գովազդել քո արտադրանքը կամ էլ պետք է ճանաչված լինես: Եթե փառատոնային թերթում 5 հազար եվրոյով հայտարարություն է դրվում որևէ ֆիլմի մասին, ապա այն միանգամից դառնում է հայտնի: «Ստացվում է, որ անհավասար պայքարի մեջ ենք, ինչպես «Թևանիկի» պարագայում` Հայաստանում: Միջոցներ չունեինք այն գովազդելու համար, ափսոսում եմ»,-եզրափակեց Ավետիսյանը: Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» մայիսի 6-ից հնարավոր է դիտել կինո թատրոններում: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը,երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբպատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս,մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից'նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ:

 

Ռոզա Գրիգորյան