«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 21-ին, Երևանի Կարապի լճի մոտ. կկազմակերպվեն երեկոյան բացօթյա կինոդիտումներ ու համերգներ, կինոճամբարներ մարզերում: Միջազգային փառատոնի բոլորովին նոր բանաձև առաջարկող նախաձեռնությունը 10 օր շարունակ կդառնա հայաստանցիների ամառային առօրյայի մի մասը:

 

«Ֆրեսկո» միջազգային փառատոնի բացման արարողության խորհրդանիշներից մեկն արդեն պատրաստ է: Մի քանի տասնյակ կամավորներն իրենց ձեռքերով են պատրաստել ավելի քան 2000 մոմերը:

 

Փառատոնի բացման օրը գեղեցիկ պատահականությամբ համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը: Ուստի, փառատոնի կազմակերպիչները որոշել են հանդիսավոր բացումը սկսել հենց Խոր Վիրապից: Այնտեղից մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղոթքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները որպես հուշանվեր կտանեն իրենց հետ:

 

«Երբ ծնվում էր փառատոնի գաղափարը, բոլորս ցանկանում էինք ստեղծել մի փառատոն, որը ոչ թե կսկսվեր և կավարտվեր ինչ-որ հատուկ օրերի, այլ մշտապես ակտիվ գործընթացի մեջ կլիներ: Մենք ձգտում էինք կենդանի փառատոն ստեղծել: Կարծես ստացվում է, որովհետև նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ստեղծում են այն միջավայրը, որն իր հետ բերելու է «Ֆրեսկոն», իսկ մոմերի պատրաստման ողջ ընթացքը դրա վկայություններից մեկն է միայն»,- նշել է փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն: