Շոտլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել այն միջոցառումներին, որոնք պետք է օգնեն նվազեցնելու պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը:
Հոկտեմբերից խանութներում գնումների համար միանգամյա օգտագործման տոպրակները կարժենան 5 պեննի: Դրանց վաճառքից ստացված փողերը կօգտագործվեն բարեգործական նպատակներով, տեղեկացնում է « BBC-ն:
«Շոտլանդիան տարեկան օգտագործում է գրեթե 750 մլն միանգամյա օգտագործման տոպրակ… Եկել է այդ փաթեթների թիվը կրճատելու համար միջոցներ ձեռնարկելու ժամանակը»,- խորհրդարանում քվեարկությունից առաջ ասել է շրջակա միջավայրի հարցերով քարտուղար Ռիչարդ Լոքհեդը:
Ի պաշտպանություն նախաձեռնության քվեարկել է խորհրդարանի 100 անդամ, դեմ՝ 12-ը:
Ուելսում պոլիէթիլենային տոպրակների նվազագույն գին է սահմանվել դեռ 2011 թվականին: Անցյալ տարի այդ միջոցառմանը հավանություն են տվել նաև Հյուսիսային Իռլանդիայում: