Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով հանդես կգա Լեհաստանում: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի պաշտոնական կայքը` երգիչը հունիսի 23-ին ելույթ կունենա Վարշավայի Մշակույթի և գիտության պալատում (Pałac Kultury i Nauki): Համերգի տոմսերը շուտով կհայտնվեն վաճառքում:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:
Լեգենդար երգիչն այս տարի համերգներ ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` ելույթ է ունեցել նաև Հայաստանում: