2012 թվականի սեպտեմբերին հնէագետների կողմից Հռոմում գտնված պապիրուսի կտորը լուրջ բանավեճերի առիթ դարձավ: Պապիրուսը պատրաստված է մեր թվարկության VIII դարում, որի վրա ղպտիերեն (եգիպտերեն) Հիսուս Քրիստոսի խոսքից արտահայտություններ է գրված` «Իմ կինը» և «Նա կարող է լինել իմ աշակերտը»: Այս մասին հայտնում է Вести.ру-ն:
Ռադիոմետրիկ հետազոտությունը այդպես էլ չօգնեց գիտնականներին սահմանելու պապիրուսի ստեղծման ամսաթիվը, սակայն ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրա վրա գրված տեքստը գրված է հին ղպտերենի բարբառներից մեկով, որը վերջնականապես անհետացել է 6-րդ դարում և այլևս չի օգտագործվել:
Աշխարհի մի շարք համալսարանների առաջատար գիտնականներ պապիրուսի կտորը ենթարկեցին մանրազնին ուսումնասիրության, այդ թվում` ռադիոմետրիկ, լեզվաբանական, ձեռագրաբանական, սպեկտրոսկոպիկ և այլն: Պարզվեց, որ թեև պապիրուսն ինքը հին է, սակայն նրա վրա գրված տեքստը բացահայտ կեղծիք է և պատճենված է մինչ այդ հայտնի այլ կեղծ աղբյուրից:
Որոշ պատմաբաններ մեկնաբանեցին այս խոսքերը որպես այն բանի ապացույց, որ Քրիստոսը ամուսնացած է եղել և կին է ունեցել: Սակայն գիտնականների մեկ այլ խումբ, Հարվարդի համալսարանի քրիստոնեության պատմության մասնագետ Կարեն Քինգի գլխավորությամբ, հերքեցին նրանց հայտարարությունները:
Ըստ Քինգի` Ձեռագրի վրա եղած տեքստում Քրիստոսը դիմում է «իր կնոջը»՝ նրան Մարիամ անվանելով: Սակայն կինն այն կարծիքն է արտահայտել, որ ձեռագրից պետք չէ եզրակացնել, թե Քրիստոսն ամուսնացած է եղել.
-Ըստ երևույթին, այդ կարծիքին են եղել այս տեքստը գրող քրիստոնյաները: Քրիստոնյա հին եգիպտացիների լեզվով գրված ձեռագրում ասվում է. «Քրիստոսն ասաց իր հետևորդներին. «Իմ կինը` Մարիամը, կարող է լինել իմ հետևորդը»»,-հայտարարել է Քինգը:
Վերջինս այս ձեռագիրը թարգմանել և ներկայացրել է Հռոմում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի տարբեր երկրներից 300 ակադեմիկոս: Մասնագետի կարծիքով՝ ղպտիական ձեռագրի այս հատվածն իրականում հույների կողմից 2-րդ դարում գրված ավետարանի կրկնօրինակի մի մասն է:
Բրաունի համալսարանի պրոֆեսոր, եգիպտաբան Լեո Դեպ Յուտը նույնպես կարծում է, որ մի քանի դար առաջ ստեղծված մագաղաթը իսկական կեղծիք է: Տեքստում բազմաթիվ սխալներ կան, որը ենթադրում է, որ այն գրել է ուղղագրությանը և քերականությանը լավ չտիրապետող անձ: Բացի այդ` «իմ կինը» արտահայտությունը ընգծված է մուգ շեղագծով, ինչը հատուկ չէ ղպտերենով գրված տեքստերին: