Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դերասան Նարեկ Ներսիսյանը, որ «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նախկինում Տանոյին էր մարմնավորում, այսօր նշում է ծննդյան 26 ամյակը: ESem.am-ը Նարեկի հետ զրուցել է ծննդյան տոնի, երկրից մեկնելու և ընտրյալ ունենալու մասին:
Ժամային տարբերության պատճառով դերասանը Հայաստանից շատ շնորհավորանքներ դեռ չի ստացել. ըստ նրա` ակնկալիքներ էլ չունի: «Այստեղ` ԱՄՆ-ում, իմ ծննդյան օրը չի սկսվել, դեռ որ միայն վիրտուալ ընկերներս են շնորհավորել: Ամենակարևոր մարդը, ում զանգին անհամբեր սպասում էի, մայրս է. նա Հայաստանի ժամանակով ուղիղ կեսգիշերին զանգել ու շնորհավորել է ինձ,- ասաց դերասանը` նշելով,- չեմ կարծում որ մյուսները կզանգարհարեն, ով է գժվել գումար ծախսի ու Երևանից Միացյալ Նահանգներ զանգի, այն էլ` ինձ շնորհավորելու համար :)»,- ESem.am-ի հետ զրույցում ծիծաղելով ասաց Նարեկը:
Խոսելով անմոռանալի ծննդյան օրերից՝ դերասանը հիշեց. «Գրեթե բոլոր ծննդյանս օրերն էլ ինչ-որ բանով անմոռանալի են եղել, բայց երկուսը կառանձնացնեմ` մեկն անցյալ տարի էր. ընկերուհուս հետ երկուսով ենք նշել, իսկ մյուսը` շատ վաղուց, կարծես 12 ամյակս էր: Հիշում եմ` այդ ժամանակ դեռ բոլոր հարազատներս, քեռիներս Հայաստանում էին բնակվում, բոլորս հավաքվել էինք. շատ ուրախ անցավ»:
Տևական ժամանակ ԱՄՆ-ում բնակվող դերասանի հետ խոսեցինք Հայաստանից մեկնելու իրական պատճառների մասին: «Հայաստանից հեռանալուս միակ պատճառը կրթությունս Ամերիկայում շարունակելն էր: Այստեղ այժմ Գլենդելի քոլեջի Թատրոնի դերասան ֆակուլտետում եմ սովորում: Ուզում եմ էլ ավելի խոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերել,- հայտնեց Նարեկը` հավելելով,- չեմ սիրում անգործ մնալ, իսկ ուսումս էլ ինձնից շատ ժամանակ չի խլում: Զուգահեռ նկարահանվում եմ նաև տեղի հայ համայնքի համար նկարահանվող «Կտակով թագուհին» հեռուստանովելում` մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին` հարուստ գործարարի որդու: Համեմատած եղբայրներիս` իմ կերպարը քիչ թե շատ դրական է. կարևորը` հարուստ :) Բացի այդ, ընթացիկ ծախսերս հոգալու համար տարբեր միջոցառումներ, համերգներ եմ վարում»:
Նարեկից փորձեցինք ճշտել՝ երբ է պատրաստվում Հայաստան վերադառնալ, ինչին ի պատասխան ասաց. «Ինձ շատ հաճախ են այս հարցը տալիս. ցավոք, դեռ հստակ պատասխան չունեմ, ամեն ինչ գործերից է կախված, եթե ծրագրերս ըստ պլանավորածի ընթանան, գուցե միայն հյուրի կարգավիճակով գամ Հայաստան: Դեռ ամեն բան անորոշ է»:
Անձնական կյանքում նորություններ չունեցող դերասանը վստահեցրեց, որ ուրախ է դրա համար, քանի որ ընկերուհի ունենալու ժամանակ այժմ չունի: «Հիմա ավելի շատ կենտրոնացած եմ դասերիս ու կարիերայիս վրա: Չնայած հարմար թեկնածու եթե լինի, կարծում եմ` կհամատեղեմ :)»:
ESem.am-ը շնորհավորում է դերասանին և նորանոր հաջողություններ մաղթում:
Շնորհավորեց Մերի Պողոսյանը