Ամերիկյան Google կորպորացիայի բրենդը, խոշորագույն վերլուծական ընկերություններից մեկի՝ Millward Brown-ի վարկածով, դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը: Նրա կողմից կազմված հարյուր առեւտրանիշերի վարկանիշը հրապարակվել է մայիսի 20-ին:

 

Millward Brown-ի տվյալներով՝ Google բրենդի արժեքը տարվա ընթացքում աճել է 40 տոկոսով՝ մինչև 159 մլրդ դոլար, ինչը թույլ է տվել ընկերությանը առաջին դիրքից հետ մղել անցյալ տարվա առաջատարին՝ ամերիկյան Apple տեխնոլոգիական կորպորացիային, որի առևտրանիշի արժեքն անցյալ տարվա ընթացքում ընկել է 20 տոկոսով և կազմել 148 մլրդ դոլար:

 

Ընդհանուր վարկանիշի երրորդ տեղը, ինչպես և անցյալ տարի, զբաղեցրել է IBM ընկերությունը, չնայած համեմատվող ցուցանիշի նվազմանը 4 տոկոսով՝ մինչև 107 մլրդ դոլար: Նախկին դիրքը պահպանել է նաև Microsoft համակարգչային հսկան, որը գրավել է չորրորդ տեղը: Նրա բրենդի արժեքն աճել է 29 տոկոսով և կազմել 90 մլրդ դոլար: Ամենաթանկ առևտրանիշերի հնգյակը եզրափակում է արագ սննդի McDonald's ռեստորանների ցանցը՝ 85 մլրդ դոլար:

 

Millward Brown-ի կազմած ցուցակի համաձայն՝ տարվա ընթացքում ամենից ավելի շատ թանկացել են չինական «Տենսենտ» հեռուստահաղորդակցական հսկայի և աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի առևտրանիշերը: «Տենսենտ»-ի բրենդի արժեքն աճել է 97 տոկոսով՝ մինչև 53 մլրդ դոլար, Facebook-ինը՝ 67 տոկոսով՝ մինչև 35 մլրդ դոլար:

 

Թոփ 100 մտած բոլոր բրենդների միագումար արժեքը կազմել է 2,9 տրիլիոն դոլար, ինչը 12 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: Տարվա ընթացքում ամենից առավել թանկացել են հագուստ արտադրողների առևտրանիշերը: Դրանց ընդհանուր արժեքն աճել է 29 տոկոսով: Millward Brown-ի ներկայացուցիչները նաև նշում են, որ տարվա ընթացքում ամենից ավելի (19 տոկոսով) բարձրացել է եվրոպական բրենդների արժեքը:

 

Millward Brown-ը աշխարհի ամենաթանկ բրենդների ցուցակը կազմում է 2006 թվականից: Ինչպես նշում են գործակալության ներկայացուցիչները, դա միակ վարկանիշն է, որը հիմնվում է ամբողջ աշխարհում երկու միլիոնից ավելի մարդկանց հարցումների և հազարավոր ընկերությունների բիզնես-ցուցանիշների մանրակրկիտ վերլուծության վրա