Հայաստանի ազգային պատկերասրահում 2014 թվականի ընթացքում կբացվեն նոր և հետաքրքիր ցուցահանդեսներ: Տարեսկզբից մշակութային օջախում արդեն իսկ սկսվել է «ցուցահանդեսային շքերթ». բավական է նշել, որ վերջերս պատկերասրահը հյուրընկալեց և շարունակում է իր հյուրընկալ հարկի ներքո ներկայացնել Սալվադոր Դալիի, Բրունո Բրունիի, Հակոբ Հակոբյանի, Ժան Կազանջյանի և այլ հայտնի արվեստագետների գործերը:

 

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ընդգծեց, որ մեկ ամսից Լեհաստանում կբացվի Հովհաննես Այվազովսկու անհատական ցուցահանդեսը:

 

«Այնուհետև հոկտեմբերին Հայաստան կբերենք նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերը: Վերջինս ազգությամբ և արմատներով հայ է, սակայն ապրել և ստեղծագործել է Լեհաստանում: Շատ եմ կարևորում այդ ցուցահանդեսը: Կհյուրընկալենք նաև ամերիկայում ապրող հայ նկարիչ Դանիել Վարուժանի (Դանիել Վարուժան Էջինյան) ցուցահանդեսը: Հետագայում կունենանք Սեդրակ Առաքելյանի, այնուհետև Էդուարդ Իսաբեկյանի հոբելյանական ցուցահանդեսները»,-նշեց Փարավոն Միրզոյանը:

 

Տարեվերջին պատկերասրահում կբացվի նաև Փարավոն Միրզոյանի ցուցահանդեսը` իր 65-ամյա հոբելյանի կապակությամբ: 2015-ը ևս հագեցած է լինելու անակնկալներով: Սկզբում կբացվի Փանոս Թերլեմեզյանի հոբելյանական ցուցահանդեսը:

 

«Ծրագրում ենք հաջորդ տարի Մեծ Եղեռնին նվիրված ցուցահանդես կազմակերպել: Մտածում եմ, որ կարելի է ներկայացնել ոչ միայն հայկական Եղեռնը, այլև ընդհանրապես մարդկության եղեռնները: Կան եղեռններ, որոնք այդքան էլ ճանաչված չեն, ինչպես հայկականը: Ցուցահանդեսի միջոցով մենք կտեսնենք, թե ինչ է եղել: Մտածում ենք` ինչ նկարիչներ կան տարբեր երկրներում, որոնք անդրադարձել են այդ թեմային»,-հավելեց Փարավոն Միրզոյանը:

 

Հայաստանի ազգային պատկերասրահը ծնունդ է առել 1921 թվականին` Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, որպես Պետական թանգարանի հինգ բաժիններից մեկը` արվեստի բաժինը: Այդ ժամանակ թանգարանի տնօրեն է նշանակվում Մարտիրոս Սարյանը, իսկ գեղարվեստի բաժնի վարիչ` նկարիչ Վրթանես Ախիկյանը: