Իսպանացի գեղանկարիչ և քանդակագործ Սալվադոր Դալիի չորս գրաֆիկական ստեղծագործություններն իրենց արժանի տեղը գտան Հայաստանի ազգային պատկերասրահում և դարձան մշակութային օջախի յուրահատուկ զարդերը: Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին, ԱՄՆ-ի «Արժիլե» պատկերասրահի տնօրեն, հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի կին Քրիստին Արժիլեն ՀԱՊ-ին ընծայեց Սալվադոր Դալիի, ինչպես նաև Վասիլի Կանդինսկու յոթ և Հանս Բելմերի չորս գրաֆիկական գործերը: Ընդհանուր առմամբ` պատկերասրահը որպես նվեր ստացավ 15 աշխատանք: Նվիրատվության արարողությանը և ստեղծագործությունների ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, «Արժիլե պատկերասրահ»-ի տնօրեն Քրիստին Արժիլեն և բազմաթիվ արվեստասերներ:

 

«Մի քանի տարի առաջ Հայաստանում բացվեց Սալվադոր Դալիի և սյուրռեալիստների աշխատանքների ցուցադրությունը: Այն ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ աշխատանքների մի մասը կնվիրաբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահին: Սկզբում երեքը պետք է նվիրաբերվեին, բայց, ինչպես տեսնում ենք, աշխատանքներն ավելի շատ են: Դրանք հետաքրքրական են մեր ակնդիրների համար: Պատկերասրահը չուներ նմանատիպ գործեր»,-նշեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը կարևորեց ցուցահանդեսի և նվիրատվության անցկացումը: «Հրաշալի ցուցահանդես կազամերպվեց մի քանի տարի առաջ ՀԱՊ-ում: Այսօր այստեղ ցուցադրված են երեք համաշխարհային արվեստագետների գործեր: Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում տիկին Արժիլեին»,-նշեց Փարավոն Միրզոյանը:

 

ԱՄՆ-ի «Արժիլե» պատկերասրահի տնօրեն Քրիստին Արժիլեն, ով պատկերասրահին է ընծայել թանկարժեք նվերները, մինչև իր ելույթն սկսելը շնորհակալություն հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանին: Այնուհետև Արժիլեն միջոցառման մասնակիցներին ներկայացրեց գրաֆիկական աշխատանքների պատմությունը:

 

«Քրիստին Արժիլեն մեծահոգաբար նվիրել է այս աշխատանքները Հայաստանին: Իրադարձությունը ևս մեկ անգամ ամրապնդում է հայ-ֆրանսիական հարաբերությունները: Իսկ այն իրողությունը, որ նվիրատվության այս արարողությունը տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահի` Հայաստան կատարած պետական այցից հետո, առանձնահատուկ հնչեղություն ունի»,-նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:

 

Անրի Ռենոն շատ էր հավանել Դալիի` «Պարիսի դատը» գործը, որտեղ պատկերված են երեք կանայք: «Բավականին համարձակ և ընմբոստ կտավ է»,-ընդգծեց դեսպանը:

 

2011 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր «Դալին և սյուռեալիստները» խորագրով ցուցահանդես, որին ներկայացվել էին Սալվադոր Դալիի, Հանս Բելմերի, Լեոնոր Ֆինիի, Վասիլի Կանդինսկու և այլ հեղինակների գրաֆիկական աշխատանքներ, որոնք կրկին Հայաստան էին բերվել ԱՄՆ-ի «Արժիլե պատկերասրահ»-ի տնօրեն, հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի կին Քրիստին Արժիլեի հավաքածուից: ՀԱՊ-ում Դալիի և Բելմերի աշխատանքներից չկան, սակայն կան Կանդինսկու գործերից: