Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հիասքանչ ակնթարթներ է անցկացրել Երևանում: Ինչպես տեղեկանում ենք երգչի պաշտոնական կայքից` Ազնավուրը գրառում է կատարել Երևան կատարած այցի իր տպավորությունների մասին: «Վերադարձել եմ Փարիզ մի քանի օրով: Հազիվ ժամանակ ունեմ շնչելու և հիշելու այն հիասքանչ պահերը, որոնք անցկացրել եմ Երևանում: Բոլոր նրանք, ովքեր չգիտեն Հայաստանը… Դուք պարզապես չգիտեք, թե ինչ եք բաց թողել»,-նշել է լեգենդար երգիչը:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:
Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին եզակի համերգով հանդես եկավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` աննկարագրելի րոպեներ պարգևելով ներկաներին: Այնուհետև հաջորդ օրը լեգենդար երգիչը մասնակցեց «Հայակ» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում ստացավ Ռուբեն Մամուլյանի անվան հատուկ մրցանակ` համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրման համար: Ազնավուրն իր այցի ընթացքում մայիսի 14-ին այցելել է Գաֆէսճեան արվեստի կենտրոն, ինչպես նաև Կապույտ մզկիթ, լուսանկարվել իր երկրպագուների հետ և ինքնագրեր բաժանել: