Երգչուհի Անահիտ Շահբազյանին հասարակությունը սկսեց ճանաչել «Հայաստանի ձայնը 2» նախագծից հետո, թեև մինչ այդ էլ նա երգում էր, անգամ, մասնակցել էր միջազգային փառատոնների: Այս փաստը խոստովանում է նաև երգչուհին` նշելով, որ նախագծին մասնակցում էր, ոչ թե սկսնակ երգիչ-երգչուհիների հետ մրցելու, այլ ճանաչում ձեռք բերելու համար: «Այդ առումով «Հայաստանի ձայնը» իսկապես շատ մեծ նշանակություն ունեցավ ինձ համար»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Անահիտը: Իսկ ահա առաջարկների քանակն ու որակը, երգչուհու փոխանցմամբ, չի փոխվել:

 

 

 

 

Երբ զրուցում էինք Անահիտի հետ, նա Երևանի ճանապարհին էր. վերադառնում էր Արցախից, որտեղ զորամասերում Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ  Սիլվա Հակոբյանի, Համլետ Գևորգյանի, Մերի Մնջոյանի, Նարե Գրիգորյանի, Արթուր Կարապետյանի և Վիգեն Ահարոնյանի հետ համերգներ են ունեցել: «Մայիսը հաղթական ամիս է, հաղթական տրամադրությամբ ու ոգևորությամբ ներկայացանք»,- ասաց նա` հավելելով, որ փոքր-ինչ ճանապարհներից են հոգնել, սակայն լավ մարդկանցով շրջապատված լինելու փաստը  փրկում է իրադրությունը:)

 

 

 

 

Երգչուհին  ոգևորությամբ տեղեկացրեց, որ արդեն ունի իր բենդը, որը շատ սպասված էր իր համար: «Արդեն երկու ակումբային համերգ ենք ունեցել, արձագանքները շատ լավ էին, առաջիկայում էլի համերգներ կլինեն»,- հայտնեց Անահիտն ու հավելեց, որ այս բենդի հետ կներկայանա ջազ ոճում, հնարավոր է, առաջիկայում ներկայանա նաև մեկ այլ բենդի հետ, արդեն «պոպուլյար» երգերով:

 

Անահիտը շուտով նոր երգ կներկայացնի, սակայն այս պահին հստակ չգիտի`այն տեսահոլովակ կունենա՞, թե ոչ: Նա խոստովանեց, որ դա պայմանավորված է ֆինանսական խնդիրներով, սակայն հուսով է` առաջիկայում այդ խնդիրները լուծում կգտնեն:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը