Հայաստանի թանգարանները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում մայիսի 17-ին կայանալիք «Թանգարանների գիշեր» միջազգային տոնին: Տարբեր մշակութային օջախներում սպասվում են մի շարք տոնական միջոցառումներ, որոնց նպատակը թանգարան-այցելու կապն ամրապնդելն է և հասարակության ուշադրությունը գրավելը:

 

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը կարևորում է «Թանգարանների գիշեր» միջոցառման անցկացումը, որն արդեն դարձել է մարդկանց սիրելի միջոցառումներից մեկը:

 

«Այս միջոցառումը նպատակ ունի հասարակությանը կապել թանգարաններին ու թանգարանային կյանքին: Այս տարի այն յուրահատուկ խորագիր է կրում` «Թանգարանները միավորում են մեզ»: Հայաստանում և Արցախում տարեցտարի ավելանում է մասնակից թանգարանների թիվը, և այս տարի հասել է 100-ի: Սա վկայում է, որ հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում իրադարձությանը, մարդիկ սպասում են այս իրադարձությանը»,-նշեց Մարինե Օթարյանը:

 

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում, ինչպես ամեն տարի, այս անգամ ևս այցելուներին, սովորության համաձայն, կակաո են հյուրասիրելու: Տոնական միջոցառումներն անցկացվելու են բակում: «Թանգարանը մինչև ժամը 22-00-ը փակ է լինելու, որպեսզի այնուհետև մարդիկ վայելեն թանգարանի նոր ցուցադրությունը: Բացի այդ, մարդիկ կծանոթանան մեկ ցուցանմուշի` «Սպենդիարաֆոն» գործիքի ստեղծման պատմությանը, որը պատրաստվել է մեկ դար առաջ»,-հավելեց տուն-թանգարանի տնօրենը:

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը համոզված է, որ «Թանգարանների գիշեր» միջոցառումը մեծ մասսայականություն է վայելում: «Փողոցներում զգացվում է մարդկային հոսքը թանգարանից թանգարան: Կարծում եմ, որ մարդիկ թանգարանները պետք է հիշեն ոչ թե տարվա մեջ մեկ օր, որովհետև մեկ այցելությամբ հնարավոր չէ ծանոթանալ բոլոր արժեքներին: Ցանկալի կլինի, որ թանգարան մշտապես այցելեն»,-նշեց Հասմիկ Մելքոնյանը:

 

Իսահակյանի տուն-թանգարանում այցելուներին սրտաբաց են սպասում: Երեկոյան մշակութային օջախում կընթերցվի «Աբու Լալա Մահարի» ստեղծագործությունը, կհնչեն հայկական ռոմանսներ, որոնք գրվել են Իսահակյանի խոսքերով: Սպասվում է Իսահակյանի դիմանկարների ցուցահանդես, ինչպես նաև անվանի հայորդուն նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

 

Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ ամեն տարի մայիսին անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից: «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի կմեկնարկի մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը: 2014 թվականը հոբելյանական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար. լրանում է ծրագրի 10-ամյակը: Այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվը խորհրդանշական է` միջոցառման 10-ամյ ակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: Միջոցառման խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը: