ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և նրա տիկնոջ՝ Միշելի ֆինանսական կարողությունը 2013 թվականին գործնականում չի փոփոխվել: Այժմ նրանք դա գնահատում են 1,95 միլիոն դոլարից մինչեւ 7,15 միլիոն դոլար: Մայիսի 15-ին Սպիտակ տունը 2013 թվականի արդյունքների հիման վրա հրապարակել է 8 էջանոց ֆինանսական հաշվետվություն:
Անցյալ տարի Բարաք և Միշել Օբամաները նշել էին, որ իրենց ընդհանուր կարողությունը կազմում է 1,8 – 6,9 միլիոն դոլար: Ակտիվների գնահատումը կատարվում է իր իսկ տիրոջ կողմից՝ նրա պատկերացումների և շուկայական կոնյունկտուրայի հիման վրա, ուստիև լինում է բավականաչափ մոտավոր: Այստեղից էլ թվերի նման մեծ ցրվածքը նախագահի և ԱՄՆ-ի «առաջին տիկնոջ» պատրաստած փաստաթղթում:
Ինչպես հետևում է հաշվետվությունից, Օբամայի ընտանիքի կարողության ամենամեծ մասը՝ 1 միլիոնից մինչև 5 միլիոն դոլար, գտնվում է ֆինանսների նախարարության պարտքի հանձնառություններում: Նախագահի և նրա կնոջ համատեղ հարկային հայտարարագրի համաձայն, որն ըստ օրենքի հրապարկվել էր տակավին մեկ ամիս առաջ, անցյալ տարի նրանք վաստակել են 481 098 դոլար՝ 127 հազարով պակաս, քան մեկ տարի առաջ:
Իրենց եկամուտներից որպես համերկրային հարկեր ամուսինները վճարել են 98 169 դոլար: Բացի դրանից, Օբամաները 23 328 դոլար են վճարել որպես տեղական հարկեր իրենց հայրենի Իլինոյսի նահանգում:
Բարեգործական նպատակներով նախագահը և նրա տիկինն անցյալ տարի նվիրատվություն են կատարել 59 251 դոլար կամ իրենց ընդհանուր եկամուտների 12,3 տոկոսը: