Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի փարիզյան արվեստանոցը, որը գտնվում է Գրան-Օգյուստեն փողոցում, ներառվել է պետության կողմից պահպանվող պատմական և ճարտարապետական օբյեկտների ցանկում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարությունը:

 

Համապատասխան որոշումն ընդունել է գեղարվեստական-պատմական ժառանգության տարածաշրջանային հանձնաժողովը: Օրենքի պաշտպանության տակ են առնվում շենքի ճակատային մասը, ինչպես նաև նրա վերին երկու հարկերը, որոնք Պիկասոն զբաղեցնում էր այն ժամանակ, երբ հարուստ ու ճանաչված նկարիչ էր դարձել:

 

Ի տարբերություն այն ժամանակվա նկարիչների շատ աշխատասենյակների, Գրան-Օգյուստենի արվեստանոցն իրենից ներկայացնում է մի քանի մետր բարձրությամբ առաստաղով ընդարձակ տարածություն: Այն տեղավորված Է շենքի ձեղնահարկում, որն անցյալում պատկանում էր Սավոյացի կոմսերին, իսկ այժմ՝ Ֆրանսիայի դատական վերակացուների պալատին:

 

Պիկասոն այն վարձակալել էր 1937-ից մինչև 1955 թվականներն ընկած ժամանակաշրջանում: Հենց այդ շենքում Էլ նկարիչն ապրել է:

 

Մայիսի 13-ին Փարիզում տեղի է ունեցել նաև մեկ այլ կարեւոր իրադարձություն, որը կապված է Պիկասոյի ժառանգության հետ: Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար Օրելի Ֆիլիպետտին Անն Բալդասարիին հեռացրել է Պիկասոյի թանգարանի տնօրենի պաշտոնից: Նրան մեղադրում են այն բանում, որ կենտրոնի՝ հինգ տարի շարունակվող հիմնանորոգումը մինչև այժմ այդպեսէլ չի ավարտվել:

 

Բալդասարիին մեղադրում են նաև «կոլեկտիվում նորմալ աշխատանքի համար խիստ աննպաստ մթնոլորտ» ստեղծելու մեջ: Վերջին ժամանակներս բազմաթիվ մասնագետներ, չդիմանալով պետի ծաղրանքներին, աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել: