Դեռ 2010 թվականին Վայոց Ձորի մարզում գտնվող «Արենի-1» քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին` 5500 տարվա կաշվե կոշիկը: Նմանատիպ կոշիկներ էին օգտագործում Իռլանդիայի բնիկները` մոտ 50 տարի առաջ: Կոշիկը հետազոտել են Հայաստանի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի գիտնականները: Կոշիկի տարիքը պարզել են Օքսֆորդի և Կալիֆոռնիայի լաբորատորիաներում:
Կոշիկը պատրաստվել է մ.թ.ա. 3500 թթ-ին՝ էնեոլիթի կամ պղնձա-քարային դարաշրջանում: Հայտնաբերման ժամանակ կոշիկը լցոնված է եղել չորացած խոտով, որի նպատակը գիտնականներին դեռ պարզ չէ: Կոշիկն ունի եվրոպական չափերով 37 համար, նախատեսված է եղել աջ ոտքի համար:
Այդ կոշիկն այժմ Հայաստանի պատմության թանգարանում է և կոնսերվացման կարիք ունի:
Քարանձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս): Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է:
Գինու ստեղծման և պահպանման համար անհրաժեշտ հնագույն պարագաները մոտ 6000 տարեկան են:
Հնագետները ՀՀ Վայոց ձորի Արենիի քարանձավներում հայտնաբերել են նաև խաղողի մամլիչ, խաղողի կորիզների մնացորդներ, գինու կարասներ, ինչպես նաև պնակներ, որոնք հայտնաբերվել են քարանձավում գտնվող դամբարանների հարևանությամբ:
Լուրեր.com-ը զրուցեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի պեղումների արշավախմբի համաղեկավար Բորիս Գասպարյանի հետ, ով նշեց, որ այս պահին պեղումներն «Արենի-1» քարանձավում դադարեցված են.
«Պեղումները կվերսկսենք ամռանը: Այս պահին աշխատանքներն ավելի շատ ուղղված են քարայրից հանված նյութերը հրապարակելուն: Բայց, նախ և առաջ, այս տարի հուշարձանը կարգի բերելու համար պետք է քարանձավը շրջապատող պարսպի պատերը կարգի բերենք»,- ասաց Գասպարյանը:
Վերջինս նշեց, որ անցյալ տարի ևս մեծ ծավալի պեղումներ չեն իրականացվել, իսկ այս պահին նոր գտածոներ չկան, դեռ ուսումնասիրվում են նախկինում հայտնաբերվածները:
Անդրադառնալով դեռևս 2007-ին հայտնաբերված ցորենի մնացորդներին, որոնք վերջերս ուղարկվել են Կալիֆոռնիայի լաբորատորիա ուսումնասիրության` պեղումների արշավախմբի համաղեկավարը նշեց. «Այո, դրանք ցորենի վեց հազար տարվա մնացորդներն են, որոնք հայտնաբերել էինք այն նույն քարանձավում, որտեղ հայտնաբերվել էին կոշիկը և գինու արտադրամասը: Արդյունքներ դեռ չկան, տեղեկություն չունենք: Կարծում եմ` պատասխանը կստանանք տարվա վերջում»: