Ամերիկայի հայկական թանգարանում մայիսի 18-ին տեղի կունենա ճարտարապետ Միհրան Մեսրոպյանի ստեղծագործությունների ցուցադրությունը: Ինչպես հաղորդեցին ԱՄՆ հայկական թանգարանից, դոկտոր Հիքմանը, ով ճարտարապետության պատմության և արվեստի մասնագետ է և միաժամանակ Միհրան Մեսրոպյանի թոռնուհին է, շարունակել է պապի գործունեությունը: Վերոնշյալ ցուցադրությունն էլ բացվում է նրա նախաձեռնությամբ: Կազմակերպիչները հատկապես ուշադրության են հրավիրում ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին, որտեղ պարզորոշ երևում է Արեւմտյան Հայաստանի ճարտարապետական նշանակությունը, ձևի և կամարների տարբերությունն ու յուրահատկությունը:

 

Միհրան Մեսրոպյանը ծնվել է Իզմիրում. Ստամբուլում թագավորական ճարտարապետի օգնականն էր: Հայոց ցեղասպանությունը վերապրած Միհրան Մեսրոպանը հաստատվում է ԱՄՆ-ում և կարճ ժամանահատվածում դառնում Վաշինգտոնի ամենապահանջված և ամենահարգված ճարտարապետներից մեկը: Միհրան Մեսրոպյանի 40-ամյա ճարտարապետական գործունեությունը ներառում է օֆիսային շենքեր, մշակութային կառույցներ, առանձնատներ, որոնցից շատերը ԱՄՆ-ի 20-րդ դարի ճարտարապետության լավագույն շենքերի ցանկում են: