Արվեստի մի քանի ոլորտները միաժամանակ ընդգրկող «Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական երկրորդ բաց փառատոնը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնում էր համախմբել բազմաթիվ արվեստասերների: Երկրորդ «Արտ-ֆեստ»-ի մեկնարկը տրվեց մայիսի 10-ին: Փառատոնի մեկնարկին ցուցադրվեց առաջին «Արտ-ֆեստ»-ի ընթացքը ներկայացնող տեսաֆիլմ, եղան բազմաթիվ երաժշտական համարներ:

 

«Նախորդ տարվա համեմատ այս տարի ունենք հայտերի աննախադեպ քանակ: Սա ինձ համար շատ կարևոր է: Նախորդ տարի ունեինք 132 հայտ, իսկ այս տարի' 155 հայտ և ավելի քան 200 մասնակից: Շատ ակտիվ են Գյումրու, Լոռու, Կոտայքի մարզերը, երևանյան մշակութային բուհերը: Ուրախալի է, որ փառատոնից հետո մասնակից երիտասարդները նորանոր նախագծեր են ստեղծում: Փառատոնն այս տարի նվիրվում է հիմնադիր Արմեն Մազմանյանի հիշատակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:

 

Նրա խոսքով' շուտով փառատոնը կընդլայնի իր հորիզոնները՝ ընդգրկելով արվեստի այլ ճյուղեր՝ գրականություն, երգարվեստ և պարարվեստ: «Հույս ունեմ, որ հաջորդ տարի փառատոնը կդառնա համահայկական, որովհետև սփյուռքից ևս մեծ արձագանքներ կան»,-հավելեց «Արտ-ֆեստ»-ի տնօրենը:

 

ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մուրադյանն ընդգծեց, որ արվեստը նորանում է հենց նոր անունների շնորհիվ: «Միշտ այդպես է եղել: Նրանք պետք է սկսեն և հայտարարեն իրենց մասին: Նրանց տրված է սխալվելու իրավունք»,- հավելեց Մուրադյանը:

 

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը համոզված է, որ փառատոնը լավ հնարավորություն է այն երիտասարդների համար, ովքեր ոլորտում կատարում են իրենց առաջին քայլերը: «Փառատոնը նաև ստեղծագործական կյանքում քննություն է, ստուգարքի պես մի բան: Բայց այն պիտի որ լինի շատ հաճելի և ստացված բոլորիս համար: Մասնագիտություն ընտրելիս առաջին հերթին պետք է մտածես, որ այն սիրում ես: Վստահ եմ, որ այս «ինքնաքննության» շնորհիվ մասնակիցները կհասկանան, որ ճիշտ են ընտրել իրենց կյանքի ուղին»,- նշեց մշակույթի փոխնախարարը:

 

Երևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Էմիլ Թորոսյանը քաղաքապետի անունից ողջունեց մասնակիցներին և փառատոնը՝ մաղթելով բարի ընթացք, ընդգծելով, որ քաղաքապետարանը մշտապես երիտասարդական նախաձեռնությունների կողքին է:

 

«Մեկ տանիքի ներքո» խորագրով փառատոնի «Թատերական արվեստ», «Կինոարվեստ» և «Կերպարվեստ» ցուցադրությունների ցանկն արդեն հաստատված է: «Թատերական արվեստ»-ի շրջանակում ապրիլի 23-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 25 ներկայացումները կցուցադրվեն ԵԹԿՊԻ ուսումնական թատրոնում, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Հայաստանի թատերական գործիչների միությունում, Պետական երաժշտական կամերային թատրոնում, ինչպես նաև «Թատրոն 32»-ում: Փառատոնի «Կինոարվեստ» խորագրով ցուցադրությունները մայիսի 19-21-ը կանցկացվեն «Նարեկացի» արվեստի միությունում:

 

«Կերպարվեստ» անվանակարգում գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, լուսանկարչության ցուցադրություններն այցելուներին կներկայացվեն մայիսի 19-ին, 20-ին և 21-ին՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

 

Ստեղծագործությունների ցուցադրություններից հետո, մասնագիտական հանձնախումբը կորոշի հաղթողներին, և լավագույնը ճանաչված գործերը կցուցադրվեն նաև մարզերում:

 

«Արտ-ֆեստ»-ն իր կենսագրությունն սկսել է 2013 թվականին: Փառատոնի հիմնադիրն է ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԿԹՊ-ի նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը, ում հիշատակին էլ այս տարի կնվիրվի «Արտ-ֆեստ»-ը: Փառատոնը ներկայացուցչական մրցութային բնույթի է, որին մասնակցում են մշակութային միավորումներ, ստեղծագործական խմբեր և անհատներ:

 

Այն նպատակ ունի աշխուժացնել մայրաքաղաքի, մարզերի երիտասարդական ստեղծագործական մթնոլորտը, բացահայտել նոր անուններ, ընդլայնել ստեղծագործ երիտասարդների մասնագիտական համագործակցության շրջանակը:

 

«Արտ-ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնն իր ձևաչափով տարբերվում է թատերական այլ փառատոներից, քանի որ այն ընդգրկում է արվեստի մի քանի ոլորտ միաժամանակ՝ թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ: Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: