Հայաստանի ազգային պատկերասրահն ուղիղ մեկ ամիս իր հարկի ներքո կհյուրընկալի Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի գործերը: Նկարչի «Ներհայեցում» խորագիրը կրող հետմահու առաջին ցուցահանդեսը բացվեց մայիսի 10-ին: Հակոբյանի գործերը դիտելու էին եկել նրա հարազատները և բազմաթիվ արվեստասերներ: Միջոցառման բացման արարողության ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Նախարարն ընդգծեց, որ Հակոբյանի կյանքի օրոք պետք է կայանար հոբելյանական ցուցահանդես, սակայն, ցավոք, չհաջողվեց իրականացնել այն: «Մենք այս տարին օգտագործեցինք, որպեսզի շատ լուրջ նախապատրաստվենք, որովհետև պետք էր Հակոբ Հակոբյանին ցույց տալ իր ամբողջ ստեղծագործական գործունեությամբ` սկսած Եգիպտոսի, ապա Խորհրդային, այնուհետև անկախության շրջանի գործերով: Հակոբ Հակոբյանն անընդհատ փնտրտուքների մեջ էր և անընդհատ գտնում էր իր նորը: Նա դեռևս շատ մեծ ներուժ ուներ` որպես շատ տաղանդավոր արվեստագետ, բայց, այնուամենայնիվ, այսօր մենք բոլորս բավարարված ենք: Նրա դուստր` Նորա Հակոբյանի խոսքերն ինձ հուզեցին: Նա նշեց, որ կերպարվեստը խոսքերով բացատրել հնարավոր չէ, պետք է այն ներթափանցի քո մեջ` աչքերի միջոցով և հասնի հիշողությանը: Կարծում եմ` մենք բոլորս ունենք այս զգացողությունը»,- նշեց Հասմիկ Պողոսյանը:

 

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն ընդգծեց, որ մշակութային օջախում այսօր իսկական տոն է: «Բացվել է 20-րդ դարի մեր լավագույն նկարիչներից մեկի ցուցահանդեսը: Հակոբ Հակոբյանն իսկապես ժողովրդական նկարիչ էր, ոչ միայն կոչումով, այլև իր արվեստով»,- ընդգծեց Միրզոյանը:

 

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բացվել է մեր մեծ վարպետներից մեկի ցուցահանդեսը, ում անունը հավերժ կմնա հայ մշակույթի պատմության մեջ: «Հակոբ Հակոբյանը հայրենադարձ է: Չգիտեմ` ինչպիսի ապագա կունենար այս նկարիչը, ինչպիսի ստեղծագործական կյանք կունենար, եթե չվերադառնար մայր հայրենիք: Կարծում եմ` այլ: Պայմաններ ստեղծվեցին, որ Հակոբ Հակոբյանը հայրենի հողում ազատ ստեղծագործի: Նա ունեցավ արվեստանոց, նրա ստեղծագործություններն ամենուր ցուցադրվում էին: Առանց պետական աջակցության դժվար է հասնել այս ամենին»,- նշեց Կարեն Աղամյանը:

 

Ելույթ ունեցողները կարևորեցին Հակոբ Հակոբյանի արվեստը և ցուցահանդեսի բացումը, որը հարգանքի տուրք է մեծ նկարչին: Ցուցահանդեսի առթիվ լույս է տեսել նրա գործերն ամփոփող կատալոգը:

 

Այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն և ամբողջական ներկայացնել գեղանկարչի ստեղծագործական ողջ ուղին` ներառելով հեղինակային աշխատանքներ ստեղծագործական տարբեր, այսպես կոչված, «եգիպտական-սովետական-անկախության» շրջափուլերից: Միջոցառման ամբողջականությանն է նպաստում ՀԱՊ հավաքածուի և ընտանիքի սեփականություն հանդիսացող գեղանկարչական, գրաֆիկական և վերջին շրջանի քանդակային աշխատանքների համատեղ ցուցադրությունը:

 

Եգիպտահայ գեղանկարիչը ուսանել է նախ Կիպրոսի «Մելգոնյան» վարժարանում, այնուհետև Կահիրեի գեղարվեստի, Փարիզի «Գրան Շոմիեր» ակադեմիաներում: 1962 թ. արտերկրում արդեն հայտնի արվեստագետը, հայրենադարձվելով Խորհրդային Հայաստան, թարմ շունչ և գեղանկարչական նոր, յուրովի մտածելակերպ ներմուծեց ոչ միայն հայ կերպարվեստ, այլև խորհրդային արվեստ` ընդհանրապես` դառնալով գեղանկարչական «խիստ» ոճի հիմնադիրներից մեկը: Ավելի ուշ վրձնի 80-ամյա վարպետն սկսեց ներկայանալ նաև քանդակներով: Ստեղծագործական երկարատև տարիների ընթացքում նկարիչն արժանացել է բազմաթիվ կոչումների և պարգևների, անհատական և խմբային ցուցահանդեսներով ներկայացել ինչպես նախկին ԽՍՀՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրներում' Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, նաև ԱՄՆ-ում և Կանադայում: