Հայաստանի կոմպոզիտորների միությունը պատանի ստեղծագործողներին սեփական ունակություններն ու տաղանդը ցուցադրելու յուրահատուկ հնարավորություն է ընձեռում: Միության նախաձեռնությամբ առաջին անգամ մայիսի 8-12-ը կկազմակերպվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթ: Իրադարձությանը կմասնակցեն 9-16 տարեկան պատանի ստեղծագործողները, ովքեր կներկայացնեն մեկ դաշնամուրային ստեղծագործություն:

 

«Իհարկե, պատանիներին կոմպոզիտոր դեռևս անվանել չի կարելի, բայց նրանք մարդիկ են, ովքեր ստեղծագործում են: Պարտադիր չէ'՝ սովորո՞ւմ են երաժշտական դպրոցում, թե ոչ: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ինչ ունենք հանրապետությունում, տեսնենք մեր ներուժը: Կարծում եմ, որ հետաքրքիր մրցույթ-փառատոն կլինի, մանավանդ, որ անցկացվում է երկու տարիքային խմբում»,-«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:

 

Մայիսի 8-ին 9-12 և 13-16 տարեկան պատանի ստեղծագործողները պետք է ներկայացնեն 1 դաշնամուրային ստեղծագործություն, որի տևողությունը պետք է չգերազանցի համապատասխանաբար 5 և 10 րոպեն: Այնուհետև մայիսի 12-ին կանցկացվի մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը: Այդ օրը ելույթ կունենան երկու ենթախմբերի հաղթող մասնակիցները: Մինչև մայիսի 12-ը հաղթողների անունները չեն հրապարակվի:

 

«Միջոցառումը նվիրված է Էդվարդ Միրզոյանի հիշատակին: Այն կավարտվի մայիսի 12-ին՝ Միրզոյանի ծննդյան օրը: Կայցելենք կոմպոզիտորի գերեզմանին, ծաղիկներ կդնենք և այնուհետև կվերադառնանք՝ անցկացնելու մրցույթը»,-ընդգծեց Արամ Սաթյանը:

 

Կոմպոզիտորների միության նախագահը չի բացառում, որ մրցույթը դառնա ամենամյա: «Եթե հնարավորություն ունենանք՝ այն կդառնա ավանդական: Մենք միշտ պետք է հետաքրքվենք մեր երիտասարդներով և պատանիներով, պետք է միշտ մեր աչքի առջև ունենանք նրանց»,-համոզված է Սաթյանը:

 

Այս տարվա մրցույթին կմասնակցեն 17 պատանի: Նրանք իրենց ստեղծագործությունների նոտաները նախապես ուղարկել էին ժյուրիի անդամներին: Արամ Սաթյանի կարծիքով, նրանցից շատերը հետագայում հաջողություններ կունենան:

 

Մրցութային երկու ենթախմբերի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները՝ դիպլոմներով, մեդալներով և խրախուսական նվերներով:

 

Մրցութային փուլերն ու գալա-համերգը կկայանան կոմպոզիտորների միության դահլիճում:

 

Ռոզա Գրիգորյան