Esem.am-ը գրում է.
Երեկ Մոսկվա կինոթատրոնում կայացավ արցախյան պատերազմի մասին պատմող «Թևանիկ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի առաջին հանդիսատեսը թատերարվեստի ներկայացուցիներն էին, ովքեր բարձր գնահատեցին այն` ցուցադրությունից հետո ոտնկայս ծափահարելով ստեղծագործական անձնակազմին:
Մինչ «Թևանիկի» առաջնախաղը կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը ներկայացրեց այս ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին և ընդգծեց, որ ինքն է խնդրել ներկայացնել նրան: «Սովորաբար ինձ խնդրում են ինչ-որ մեկին ներկայացնել և չեմ մերժում: Այս դեպքում ինքս եմ հայտնել այդ ցանկությունը, քանի որ տեսել եմ ֆիլմի նախնական տարբերակը»,- ասաց նա և Ջիվանին բարի գալուստ մաղթեց մեծ կինո:
Չալդրանյանն իր բարձր գնահատականը տվեց «Թևանիկին»` նշելով, որ արցախյան պատերազմի թեմայով շատ ֆիլմեր են նկարահանվել, սակայն սա առաջին ֆիլմն է ոչ թե ղարաբաղյան պատերազմի թեմայով, այլ դրա մասին: «Այս ֆիլմը սիրո մասին է: Միշտ ասում ենք` մահաբեր պատերազմ, պատերազմը կապվում է ատելության հետ, բայց այս ֆիլմը սեր է քարոզում»,- նշեց նա:
«Թևանիկում» խաղացել են Կարեն Ջանգիրովը, Սաթենիկ Հախնազարյանը, Գրետա Մեջլումյանը, Սոս Ջանիբեկյանը, Արա Սարգսյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարինե Գաբրիելյանը, Վահագն Գալստյանը, Արթուր Մանուկյանը, Նարեկ Ներսիսյանը, Նարինե Պետրոսյանը և այլք:
Ֆիլմը Ղարաբաղի բարբառով է և ներկայացնում է Արցախի կոլորիտը: Դերասանական կազմը բավականին մեծ ջանքեր է գործադրել Ղարաբաղի բարբառով խոսելու համար: «Թևանիկի» երեք դեռահաս հերոսների ընտրության մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցղներին: Թեև երեխաները դերասանական մեծ փորձ չունեին, ֆիլմում այդ պակասը չէր չգացվում:
Արամի դերակատար Հենրիկ Շահբազյանը նշեց, որ այժմ սովորում է Աբել Աբելյանի ստուդիայում և շարունակելու է ներկայանալ այս ոլորտում: «Երբ եկա քասթինգի, չէի ենթադրում, որ կանցնեմ, ուղղակի երազում էի այդ մասին»,- ESem.am-ի հետ զրույցում ոգևորությամբ ասաց նա:
«Թևանիկի» դերակատար Հովհաննես Խոդերյանի հետ Ջիվանը ծանոթացել է Շուշիում և որոշել, որ եթե մի օր նկարահանի այս ֆիլմը, այդ կերպարը մարմնավորելու է Շուշիի այն տղան: «Ես չէի մտածում, որ կարող եմ նկարահանվել այսպիսի ֆիլմում: Միշտ մտածում էի, որ չեմ կարողանա խաղալ, բայց պարզվեց` կարողանում եմ:) Շատ ուրախացա, որ ինձ հրավիրեցին նկարահանվելու»,- ասաց Հովհաննեսը` հավելելով, որ դեռ չգիտի` կշարունակի՞ ներկայանալ այս բնագավառում, թե՞ ոչ:
Աստղիկի դերակատար Մերի Մովսիսյանն էլ ասաց, որ կերպարն իրեն շատ մոտ էր և հեշտությամբ էր մարմնավորել Աստղիկին: «Երջանկությանս սահման չկար, որ ինձ տվեցին այս դերը»,- ESem.am-ին ասաց Մերին, ով ևս դեռ չգիտի` կշարունակի՞ ներկայանալ այս ոլորտում, թե՞ ոչ:
Դերասան Սոս Ջանիբեկյանը, ով առաջին անգամ էր դիտում «Թևանիկի» վերջնական տարբերակը, ESem.am-ին ասաց, որ տոմս կգներ ու կգար ֆիլմը դիտելու, անգամ, եթե մասնակցություն չունենար այստեղ: Նա կարևորեց, որ Ջիվանն ապրել է այն, ինչ նկարել է (պատերազմի տարիները ռեժիսորը տասը տարեկան է եղել և ապրել է Ղարաբաղում): «Ես որպես դերասան փորձում եմ դերիս հետ կապված ամեն ինչ վերապրել: Տվյալ դեպքում փորձել եմ մաքսիմալ ճանաչել պատերազմը, թշնամուն, այն ընտանիքը, որը խրամատի մեջ կարտոֆիլ է ուտում` միմյանց փոխանցելով: Այս աշխատանքը ոչ միայն որպես դերասան, այլև որպես մարդ շատ բան տվեց ինձ. հասկացա, որ իսկապես կարելի է մահանալ հանուն ինչ-որ մեկի, հանուն ինչ-որ գաղափարի»,- ասաց Սոսը:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը շատ հուզված էր: «Ես չեմ կարողանում հանդիսատեսի հետ մեծ էկրանին դիտել ֆիլմը: Ինձ թվում է` ես մերկ եմ, որովհետև ֆիլմում ներդրել եմ այն, ինչ զգում եմ: Սա այն է, ինչ ես պատկերացրել եմ»,- ESem.am-ին ասաց ռեժիսորը:
Ֆիլմի վերջում Թևանիկը դեմ առ դեմ հայտնվում է թշնամու հետ, հնչում է կրակոց, սակայն չի ցուցադրվում, թե ով կրակեց: Ջիվանը միտումնավոր է այսպիսի լուծում տվել: «Յուրաքանչյուր ոք պատասխանատու է ստեղծված պատերազմի` իր մեկ կրակոցի համար: Ես յուրաքանչյուրին թողել եմ որոշել` ո՞վ է ում սպանելու: Մեկ կրակոց հնչեց: Նրանցից մեկն այլևս չկա… ո՞վ կշարունակի պատերազմը: Ես համոզված եմ, որ դահլիճում բոլորն ասելու են` Թևանիկը կրակեց: Ես ունեմ իմ պատկերացումները»,- ասաց Ջիվանը` չցանկանալով բացահայտել իր կարծիքը:
Ֆիլմի առաջնախաղին ներկա էին Կարեն Ջանգիրովը, Վիգեն Չալդրանյանը, Արթուր Կարապետյանն ու Սաթենիկ Հախնազարյանը, Աշոտ Համբարձումյանն ու Լալա Մնացականյանը, Սոս Ջանիբեկյանը, Աբել Աբելյանը, Արա Սարգսյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Նարինե Պետրոսյանը, Վահագն Գալստյանը և այլք:
Լուսանկարները՝ Տաթևիկ Մկրտչյանի
Շատ տպավորիչ ֆիլմ էր. Ամալյա Հովհաննիսյան