Ֆինլանդիայի Nokia ընկերությունը, որը շարժական ստորաբաժանումը վաճառել է Միացյալ Նահանգների Microsoft ընկերությանը, կստեղծի հիմնադրամ, որը ներդրումներ կկատարի ավտոմոբիլների համար շարժական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման ստեղծման բնագավառում: Այդ մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Nokia-ն հիմնադրամում կներդնի 100 միլիոն դոլար, փողը կկառավարի Nokia Growth Partners (NGP) ընկերությունը: Դա կլինի արդեն NGP-ի չորրորդ վենչուրային հիմնադրամը, որը Nokia-ի համար ստեղծվել է վերջին տասը տարում. հաշվի առնելով նոր հիմնադրամը՝ ֆիննական ընկերությունը NGP-ի կառավարմանն է հանձնել 700 միլիոն դոլար:
Nokia-ն ավտոմոբիլների համար շարժական տեխնոլոգիաների շուկայում ներկայացված է արդեն HERE քարտեզների ծառայությամբ:
«NGP-ն կաշխատի HERE-ի հետ գործընկերությամբ՝ այն նախագծերում ներդրումներ անելու նպատակով, որոնք օժանդակում են HERE նավիգացիոն ծառայությունների հիմքի վրա արտադրանքի և ծառայությունների զարգացմանը»,- ասված է Nokia-ի հաղորդագրության մեջ: «Ավտոմոբիլները նոր հարթակ են դառնում շարժական տեխնոլոգիաների ներդրման համար, որը շատ նման է հեռախոսներին և պլանշետներին»,- մեջբերված Է NGP-ի գործընկեր Փոլ Ասելի խոսքը:
Ավտոմոբիլային շարժական տեխնոլոգիայով զբաղվում է նաև սմարթֆոնների խոշորագույն արտադրող Apple-ը: 2014 թվականի մարտին կորպորացան ներկայացրել է CarPlay ծառայությունը, որն ապահովում Է մուլտիմեդիական և հաղորդակցական հնարավորություններ, ինչպես նաև ինտեգրացում Apple iPhone-ի և iPad-ի հետ: CarPlay-ով սարքավորված առաջին ավտոմոբիլները կարող են վաճառքում հայտնվել արդեն այս տարի: