Մինչեւ ընթացիկ տարվա վերջը Համացանցից օգտվողների թիվն աշխարհում կհասնի 3 միլիարդի, որոնց երկու երրորդը կապրեն զարգացող երկրներում: Այդ մասին ասված է Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) զեկույցում:

 

Այդուամենայնիվ, աշխարհում Համացանցի տարածման մակարդակը շատ ավելի բարձր է մնում զարգացած պետություններում: Մինչև դեկտեմբեր երկրների այդ խմբում այն կկազմի 78 տոկոս այն դեպքում, երբ զարգացող երկրներում՝ միայն 32 տոկոս:

 

Այդ բնագավառում առաջնության դափնին պատկանում է Եվրոպայի երկրներին, որտեղ յուրաքանչյուր չորս հոգուց երեքը մինչև տարեվերջ Ցանցից օգտվելու հնարավորություն կունենան (ընդգրկման մակարդակը 75 տոկոս է): Նաև Համացանցին միանալու բարձր տեմպեր են դիտվում Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Այնտեղ մինչև տարվա վերջը յուրաքանչյուր երեք մարդուց երկուսը հնարավորություն կունենան օգտվել համաշխարհային սարդոստայնի առավելություններից:

 

Մինչեւ 2014 թվականի վերջը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բնակչության մեկ երրորդը կմիանա Համացանցին, ընդ որում՝ այնտեղ կբնակվի աշխարհում համաշխարհային ցանցից օգտվողների 45 տոկոսը: Վերջապես, Աֆրիկայի բնակչության գրեթե 20 տոկոսը մինչև տարեվերջ միացված կլինի Ցանցին: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 10 տոկոս:

 

Զուգահեռաբար ավելի լայն տարածում է գտնում նաև բջջային կապը: Մինչև տարեվերջ դրա հետ կապված պարտավորագրերի թիվը կհասնի գրեթե 7 միլիարդի, որոնցից 3,6 միլիարդը բաժին կընկնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին: Միեւնույն ժամանակ վիճակագրությունը փաստում է, որ այդ շուկան մոտենում է հագեցվածության մակարդակին, իսկ շարժական բջջային կապի աճի տեմպերը հասել են իրենց ամենացածր մակարդակին՝ աշխարհում 2,6 տոկոսի:

 

Ճիշտ նույն ձևով հագեցվածության մակարդակին է մոտենում նաև տներում Համացանցից օգտվելու հնարավորությունը զարգացած երկրներում: Ինչպես ընդգծում է ԷՄՄ-ն, 2014 թվականի վերջին տնային տնտեսությունների 78 տոկոսը զարգացած երկրներում միացված կլինի Ցանցին, իսկ զարգացող երկրներում՝ 31 տոկոսը: ԱՊՀ-ի երկրների համար այդ ցուցանիշը կկազմի շուրջ 50 տոկոս: