Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը եզակի համերգով ելույթ կունենա Շվեյցարիայում: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` երգիչը հոկտեմբերի 10-ին հանդես կգա Ժնևի Geneva Arena սրահում:

 

Լեգենդար երգչի վերջին համերգը տեղի է ունեցել մարտի 15-ին` Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում: Ազնավուրը համերգից առաջ մասնակցել էր Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի տված ընթրիքին, որին հրավիրված են եղել նաև որոշ իսրայելցի երաժիշտներ: Իր կատարումներով Ազնավուրը ևս մեկ անգամ հիացրել էր տեղի ունկնդրին:

 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում: Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: