Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ մայիսի 6–ին ունկնդրի դատին նորովի կներկայացվի Ռոբերտ Ամիրխանյանի «Կանտատ սիրո» ստեղծագործությունը: «Կանտատ սիրո»-ն հեղինակի վերջին շրջանի ստեղծագործական սևեռումների արդյունքն է: Այն պատվիրվել է Գերմանական «Օրատորիումխոռ» երաժշտական հեղինակային կենտրոնի կողմից:

 

Կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: Համերգին որպես մենակատար հանդես կգա երգչուհի, ալտահար Սեդա Ամիր-Կարայանը: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև հեղինակի տարածում գտած երգերը:

 

Մայիսի 5-ին հրավիրված ասուլիսում Ամիրխանյանը նշեց, որ ստեղծագործական խմբի համար իսկապես առիթը տոնական է, քանի որ ստեղծագործությունը ներկայացվելու է նորացված ձևով:

 

«Մեզ համար կարևոր խնդիր է մշակութային երկխոսությունը, մեզ անհանգստացնում է այն պահը, որը մեր հոգևոր հացը կախված է ոչ նպատակային երաժշտական սուրոգատներից, որոնք հնչում են հեռուստատեսությամբ, ինչի արդյունքում առաջանում է մշակութային շփոթ, ճիշտ ճանապարհից շեղում»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը: Նա պատմեց, որ իր կողմից փորձ է որպես հեղինակ պահպանել այն նվիրումը, որն է երգարվեստի միջոցով հանդիսատեսի հետ խոսելը:

 

Ամիրխանյանի գնահատմամբ, հաճախ այն, ինչ հնչում է մեր օրերում, հետապնդում է ոչ թե գեղագիտական նպատակ, այլ դրամ շորթելու խնդիր: Նա նաև շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին` կայանալիք համերգի հանդեպ ցուցաբերած մեծ ուշադրության համար:

 

«Կանտատ սիրո» ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել 2012-ի հուլիսի 17-ին` Շտուտգարդի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի և Սեդա Ամիր-Կարայանի կատարմամբ, դիրիժոր Թոմաս Քամելի ղեկավարությամբ: Երևանում այն առաջին անգամ կատարվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: