Թաիլանդի բնակիչները նշում են պետական գլխավոր տոներից մեկը՝ Պումիպոն Ադուլյադետ թագավորի (Ռամա Իններորդի) թագադրության օրը:

 

Թաիլանդում թագադրության օրը մեծ շուքով տոնելու ավանդույթն սկիզբ է առել դեռ 19-րդ դարի կեսերին Ռամա Չորրորդ թագավորի կողմից: Առաջին անգամ այդ տոնը նշել են 1851 թվականի ապրիլի 6-ին: Արարողության ամսաթիվը փոխվել Է ամեն անգամ՝ նոր միապետի գահ բարձրանալուց հետո:

 

Պումիպոն Ադուլյադետը թագադրվել Է 1950 թվականի մայիսի 5-ին և առավել երկար կառավարող միապետն է երկրի պատմության մեջ:

 

Այս տարի տոնակատարության կենտրոն է դարձել ծովափնյա Խուախին քաղաքում գտնվող Կլայ Կանգվոն պալատը: Արարողության սկսվելուց մեկ օր առաջ միապետին համատարիմ տասնյակ հազարավոր հպատակներ հավաքվել էին պալատի բոլոր մուտքերի շուրջը, որպեսզի հնարավորություն ստանան ողջունելու միապետին: Թագավորական դեղին գույնի հանդերձներով վիթխարի բազմությունը 86-ամյա Պումիպոն Ադուլյադետին ողջունել է փոքրիկ դրոշակների թափահարումներով և երկարակեցության մաղթանքներով: Թագավորը բազմության միջով անցել է ճերմակ ավտոմեքենայով՝ իր ժողովրդին ողջունելով բարձրացված աջ ձեռքով: Այնուհետև նա տեղ է զբաղեցրել գահադահլիճում, որտեղ տոնական ունկնդրության էին հավաքվել թագավորական ընտանիքի անդամները, կառավարության, բանակի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: Սիրիկիտ թագուհին առողջական վիճակի պատճառով չի կարողացել ներկա լինել արարողությանը:

 

Թաիլանում Թագադրության օրը խորը կրոնական իմաստ ունի և ուղեկցվում է բուդդիստական ծիսակարգերով, աղոթքների ընթերցմամբ: Այդ օրը թագավորությունում ընդունված է նաև ի պատիվ կառավարող միապետի հանձնել պետական պարգևներ, կազմակերպել ցուցահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ: