Լուսանկարիչները, լրագրողներն ու պարզապես օբյեկտիվում հետաքրքիր կադր ամրագրած մարդիկ հնարավորություն ունեցան մասնակցել «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որն այցելուների համար իր դռները բացեց մայիսի 5-ին ՀՀ նկարիչների միությունում: Ցուցահանդեսը նվիրված է Մամուլի ազատության համաշխարհային օրվան: Ցուցահանդեսում ընդգրկված են ոչ միան Հայ աստանի, այլև արտերկրի 45 հեղինակների 70 լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նկատեց, որ այս կենտրոնը նման ցուցահանդես նախաձեռնում է արդեն չորրորդ անգամ:
«Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները շատ ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար: Այս լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկատվություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ»,- ասաց Դոյդոյանը` հավելելով, որ կան նաև լուսանկարներ, որոնք արտահայտում են քաղաքացիական հասարակության պայքարն իր իրավունքների համար:
«Եվրամիության համար շատ կարևոր է լրատվամիջոցների զարգացմանը նպաստող միջավայրի ձևավորումը»,- ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին:
Նրա խոսքով, Մամուլի ազատության 21-րդ տարեդարձի առթիվ ԵՄ-ն վերստին հաստատում է, որ ազատ, բազմակարծ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակության հիմնաքարն է, որը խթանում է տեղեկատվության և մտքերի ազատ տարածումը և ապահովումը, անկախությունը և հաշվետվողականությունը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյնը նշեց, որ Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ է մասնակցում:
«Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում ականատես լինել միջոցառման անցկացմանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը»,- ասաց Մակքոյնը:
Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին և հիշեցնել կառավարությանը, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին:
Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցում էր նաև լրագրող Արման Գալոյանը, ով ներկայացնում էր «Լրագրողները նաև թերթ են կարդում» լուսանկարը: Կիսելով իր տպավորությունները' նա նշեց, որ նման ցուցահանդեի մասնակցում է արդեն երկրորդ անգամ:
Միջոցառումն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը' Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: