Հարցազրույց սփյուռքահայ բանաստեղծ Սուրեն Շիրինյանի հետ. Սուրեն Շիրինյանը ծնվել է Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղում, ճակատագրի բերումով այսօր բնակվում է Ռուսաստանում: Բանաստեղծն ընթերցողին է ներկայացրել իր թվով երրորդ բանաստեղծությունների գիրքը` «Արյան ձայնը» անվանումով: Գիրքը նվիրվում է ցեղասպանության 100-ամյակին: Հեղինակի հետ զրուցեցինք իր գրականության և մտորումների մասին:

 

-«Արյան ձայնը» գիրքը գրել եք հայոց ցեղասպանության մասին և այն նվիրվում է ողբերգության 100-ամյակին: Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանը «խուսափում» էր գրել ցեղասպանության թեմայով: Ինչպե՞ս որոշեցիք գրել ցեղասպանության մասին:

 

-Ամեն մարդ ինքն է որոշում ինչի մասին գրի… Ես չէի կարող անտարբեր մնալ մարդկային այդպիսի ողբերգության նկատմամաբ… Ես գրում եմ այն ամենի մասին, ինչ իմ մեջ կա, իսկ իմ մեջ շատ խորն է ցավը: Մեր ազգը կոտորել են, մեր երկիրը մեզանից խլել: Օտարներներին ենք նախատում անտարբերության համար, բայց մենք, որ հնարավորություն ունենք արվեստով և գրականությունով մեր ձայնը բարձրաձայնել, ինչո՞ւ լռենք:


-Դուք ընթերցողին ներկայացաք 2000-ական թվականներից, մինչ այդ «ինչպիսի՞ հարաբերության» մեջ էիք գրչի հետ:

 

-Գիտե՞ք, ես միշտ մտածել եմ իմ ազգի, հայրենիքի, պատմության մասին: Ես միշտ սիրել ու սիրում եմ իմ հայրենիքը, երևի սպասում էի մի տագնապի, որ անմիջապես գրիչ վերցնեմ ձեռքս: Ես անսահման կարող եմ գրել հայրենիքի մասին ու դեռ երկար. միշտ պետք է գրեմ: Երբ գրում եմ հայրենիքի ու հայրենասիրության մասին, ես ինձ երբեք օտար երկրում չեմ զգում, հայրենիքն իմ մեջ է, միշտ ինձ հետ: Պարզապես ավելի ուշ եմ սկսել գրել:


-Ասում են աշխարհներն անհատների միջոցով են ճանաչելի դառնում: Դուք որպես ջավախքցի, ի՞նչ կանեք, որպեսզի Ջավախքը ճանաչելի դառնա:

 

-Իմ գործը գրելն է և ես գրում եմ, հնարավոր է հաջորդ գիրքս հենց Ջավախքին նվիրվի, այնքան շատ բանաստեղծություններ ունեմ իմ աշխարհի մասին գրած, ես իմ բանաստեղծություններով կանդրադառնամ Ջավախքին: Շատ կուզեի հայրենիքում լինեի, եթե այստեղ չապրեի, անշուշտ, ավելի շատ բան կարող էի անել, բայց հուսամ շուտով կվերադառնամ: Ամռանը եկել էի, հազիվ ետ վերադարձա, հունիսին նորից կգամ և կփորձեմ ընդմիշտ վերադառնալ և անելիքս հայրենիքում շարունակեմ: Ինձ պետք է հայրենիքում լինել:


-Ձեր բանաստեղծություններն հիմնականում հայրենիքի, սիրո, մոր մասին են: Հնարավո՞ր է, որ գա մի պահ, երբ Դուք անդրադառնաք մի այլ գրական ոճի, երբ ձեր գրականությունը հերոս կունենա, բացի էպիկական կերպարից:

 

-Ես գրելու եմ այնպես, ինչպես գրում եմ, իսկ ես գրում եմ այն, ինչ զգում եմ: Շատ բան ունենք, որի մասին կարելի է այսօր գրել` առասպելական հերոսից մինչև մեր օրերի մարդը, բայց ոչ մի գրող չի որոշում, թե ինչի մասին գրի, գրում եմ նրա մասին, ինչ զգում եմ և ինչ կա իմ սրտում, իսկ սրտում այնքան բան կա, մանավանդ հայ մարդու սրտում, որ անվերջ կարելի է գրել:


-Պարոն Շիրինյան, շնորհակալ եմ անմիջական և մտերմիկ խոսակցության համար, ի՞նչ կավելացնեիք մեր զրույցին:

 

-Ես էլ եմ շնորհակալ, շատ բան չունեմ ավելացնելու, միայն կասեմ որ շատ հաճելի է, երբ հետաքրքրվում եք, հուսամ հայրենիք կվերադռնամ կհանդիպենք ու ավելի երկար կզրուցենք: Սիրե’ք հայրենիքը, երիտասարդներից շատ բան է կախված, հայրենիքը գուրգուրանքի կարիք ունի:


Ջուլիետա Տոնականյան