«Եվրատեսիլ-2014»-ի շրջանակում Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Արամ MP3-ի ելույթի երկրորդ փորձը: Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական eurovision.tv կայքը, փորձի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է նրա բեմական հագուստը, ինչպես նաև փորձարկվել են շոուի տեխնիկական տարրեր:
Բեմում օգտագործվել է քամի արտազատող հատուկ սարք, որը ստեղծել է տպավորություն, որ մրցույթի մեր երկրի պատվիրակը առերեսվում է փոթորիկի հետ: Արամ MP3-ն իր ելույթի ժամանակ բեմում միայնակ է առանց բեք վոկալի, կամ այլ արտիստների մասնակցության` ներկայացնելով ազդեցիկ վոկալ: Կայքը գրում է, որ ելույթի տեխնիկական տարրերն օգտագործվում են որպես հավելում` հայաստանյան ներկայացուցչի Not alone երգի ուժեղ «մեսիջը» փոխանցելու համար:
Երգչի բեմական հագուստը մոխրագույն է եղել: Նա բաճկոնի վրա կրել է հայկական դրոշի գույներով շեղանկյունաձև զարդ, սև ձեռնոցներ և սև կոշիկներ: «Մենք դեռ չենք որոշել` ես պետք է կրեմ մոխրագույն, թե սև վերնաշապիկ, ինձ սևն ավելի է դուր գալիս»,- փորձից առաջ ասել է Արամ MP3-ն: Նա նաև պատմել է, որ առավոտյան մշտապես վաղ արթնանալը և միանգամից երգելը բավական դժվար է, այդ պատճառով ինքը վաղ է արթնացել և որոշ ձայնային վարժություններ է կատարել:
«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունն ապրիլի 27-ից արդեն Կոպենհագենում է, իսկ ապրիլի 28-ին մեր պատվիրակ Արամ MP3-ն իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում: Արամ MP3-ն ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում` մայիսի 6-ին` առաջին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: «Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ մեր երկրի պատվիրակ Արամ MP3-ն սատարման պակաս չի զգա: Մայիսի 2-ին նրա ընկերները, երկրպագուներն ու պարզապես ակումբային կյանքը սիրող մարդիկ կհավաքվեն Երևանի «Կամի» ակումբում, որի նախաձեռնությամբ հետաքրքիր անակնկալ կմատուցվի երգչին: Ի դեպ, Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարկել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ: Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են երգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, քանդակագործ, նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։