Esem.am-ը գրում է.


Հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը հեշտությամբ առանձնացրեց իր համար ընդունելի և մերժելի երևույթները: Ըստ նրա` ամեն վայրկյան իր համար «Այո»-ներ ու «Ոչ»-եր է առանձնացնում: Նա «Ոչ» ասաց նաև ատելությանը և նշեց. «Չի կարելիկյանքում ոչինչ ու ոչ մեկի ատել: Դա իմ կյանքի նշանաբանն է»:

 

 



Ասում է`


«ԱՅՈ´»


Առանց սիրո պակասի հնարավոր չէ ինչ-որ բան լավ անել. առանց դրա ամեն ինչ իմաստազրկվում է: Ընդհանրապես, կյանքի ընթացքում մարդկանց փոխհարաբերությունները, միմյանց հետ շփվելը, նպատակներին հասնելը կապված են սիրո հետ: Այնպես որ, ասում եմ` «այո» սիրուն:

 

Հումորն օգնում է հեշտ ապրել ու խնդիրներին թեթև նայել: Սիրուց հետո գալիս է հումորը: «Այո»`հումորին, որը կյանքի ամենակարևոր մասն է: Դրա բացակայության դեպքում կյանքում շատ բաներ կորցնում են իրենց գույները. բաց տեղեր հաստատ շատ են լինում:

 

Ասում եմ` «այո» ազատությանը, որովհետև մարդն առանց ներքին ազատության չի կարող հասարակության լիարժեք անդամ լինել: Ինչպես նաև մարդն առանց ազատության չի կարող անհատականություն լինել. ինչ-որ բաներից կախված լինելը մարդուն խանգարում է ճիշտ ապրել:

 

Օբյեկտիվությունը շատ կարևոր է հարցերին, իրավիճակներին ճիշտ լուծում տալու համար: Ասում եմ` «այո» օբյեկտիվությանը, որպեսզի մարդ երբեք կաշկանդված չլինի որևէ հարցի պատասխանելիս ու չմտածի`օբյեկտի՞վ է, թե՞ կողմնապահ վերաբերմունք ունի: Եթե օբյեկտիվ գնահատական չես տալիս, ամեն ինչ միակողմանի է լինում, ու իրավիճակը իրականությունից դուրս է գալիս:

 

 

 

 

Ասում է`


«Ո´Չ»


Անտարբերությունից սարսափելի  բան չկա: Դա նշանակում է`դու չունես ոչ մի կարծիք, ոչ մի դիրքորոշում տվյալ իրավիճակի կամ մարդու վերաբերյալ: Այդ անտարբերությունն ինձ համար ամենասարսափելի բանն է: Առաջին «ոչ»-ը`անտարբերությանը:

 

Ինձ համար «չգիտեմ» բառ չկա. կա´մ այս, կա´մ այն կողմ պետք է լինի. միջին տեսակը սարսափելի է. միջակությունն իր հետ բերում է նաև չարություն: Ասում եմ` «ոչ» միջակությանը. նման մարդիկ լինում են չար: Նրանք ձեռնպահի տարբերակն են ընտրում. կա´մ չպետք է մտնեն այդ գործի մեջ, կա´մ եթե մտել են, թող ամեն գնով հասնի առավելագույնի ու իր համար անընդհատ հաղթանակներ գրանցեն:

 

«Ոչ» բարությանը, որովհետև կարծում եմ`բարի մարդը ինչ-ինչ բաներից զրկված է: Նշանակում է` նա ազատ չէ. մարդ չպետք է լինի բարի, այլ պետք է լինի օբյեկտիվ: Մեկը բոլորի համար չի կարող բարի լինել: Որ ասում են` ինչ բարի մարդ է, ես չեմ հասկանում: Կարելի է պարզապես ասել` ինչ օբյեկտիվ, լավ մարդ է:

 

Բնական է, որ մենք` բոլորս էլ կյանքում ինչ-որ շահեր հետապնդում ենք, սակայն եթե շահախնդիր լինելը առաջին պլան է գալիս, կործանիչ է դառնում: Այդտեղ կորչում են բոլոր լավ բաները, հատկանիշները: Ասում եմ` «ոչ» շահախնդրությանը, քանի որ եթե այն բարձրանում է առաջին պլան, մարդու` բնությունից ստացած լավ հատկանիշները կորչում են:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը