«Chust Shoes»-ը յուրահատուկ ազգագրական նախագիծ է, որի առաքելությունն է հայկական կոշկագործության ավանդույթների վերականգնումն ու ներկայացումը հանրությանը: Ինչպես տեղեկացրեց ներկայացման պաշտոնական գործընկեր «Սփրինգ PR» ընկերության հանրային կապերի պատասխանատու Մարիամ Սաֆարյանը, մայիսի 2- ին տեղի կունենա «Chust Shoes» հայկական մուլտի-բրենդային նախագծի պաշտոնական շնորհանդեսը:
«Chust Shoes» սրահը ձևավորված է հայկական ավանդույթների շունչը փոխանցող կոլորիտային լուծումներով` ընդգծելով ավանդականի ժամանակակից մեկնաբանման հնարավորությունները: Միջոցառման ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հայկական կոշիկի արտադրության առանձնահատկությունները, կոշկագործության ոլորտի նորույթները և մրցակցային առավելությունները: Միջոցառմանը ներկա կլինեն պետական, բիզնես ոլորտի, մշակույթի և շոու բիզնեսի, ԶԼՄ-ների, հայկական կոշիկի արտադրության ոլորտի ներկայացուցիչներ և օտարերկյա հյուրեր:
«Chust Shoes» նախագիծը հետաքրքիր առաջարկով է ներկայանում նաև մեր երկիր այցելող օտարերկրյա հյուրերին և զբոսաշրջիկներին. սա ինքնատիպ ազգագրական և մշակութային նախագիծ է, որն այցելուներին թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում կոշիկի արտադրության պատմությանը, հիմնական ձեռքբերումներին, մասնակիցը դառնալ հին ավանդույթներով կոշիկի ստեղծման և ձևավորման ընթացքին, յուրօրինակ փորձ ձեռք բերել` շփվելով ավանդույթները պահպանող և սերունդներին փոխանցող վարպետների հետ: Սրահում հյուրերի համար կոշկագործության ազգային ավանդույթների գիտակ կոշկագործ-վարպետը բացահայտում է կոշիկի ստեղծման գաղտնիքները:
«Chust Shoes» նախագիծը միավորում է 4 հայկական արտադրության բրենդեր, ինչը հեռանկարային է երկրում թեթև արդյունաբերության զարգացման, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրության կոշիկների իրացման, նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից:
Նախագծի առաջին 90 զույգ կոշիկները հատուկ կարվել են Վանաձորի մանկատան երեխաների համար: