Հայաստանի կոմպոզիտորների միության տան պատին ապրիլի 29-ին զետեղվել է անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Ինչպես տեղեկացրին Կոմպոզիտորների միությունից, հուշատախտակը տեղադրվել է Հարությունյանի ընտանիքի հովանավորությամբ: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է Կոմպոզ իտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով: Նախաձեռնությունը հաստատվել էր Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից:

 

Անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը ծնվել է 1920 թվականին, Երևանում: 1927թ. սովորել է Երևանի կոնսերվատորիային կից մանկական խմբում: 1934-41թթ. սովորել է կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում: 1939թ. դարձել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: 1941թ. գործուղվել է Մոսկվայի կոնսերվատորիա` կոմպոզիցիայի գծով ուսումը շարունակելու համար: 1954-90թթ. եղել է Հայաստանի ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը: Եղել է նաև ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կոմպոզիտորների միությունների վարչությունների անդամ: 1965թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառի պատվերով գրել է «Ռեքվիեմ» երգչախմբային ստեղծագործությունը` նվիրված Մեծ Եղեռնի 50-ամյա տարելիցին: 1967թ. ստեղծել է «Սայաթ-Նովա» օպերան, որի համար արժանացել է Պետական մրցանակի: 1962թ. արժանացել է ՀԽՍՀ, 1970թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1988թ. գրել է Ջութակի կոնցերտը` նվիրված Լենինականի երկրաշարժին: Կոմպոզիտորի ստեղծագործությունները հնչել են աշխարհի բազմաթիվ համերգասրահներում, աշխարհահռչակ երաժիշտների կատարմամբ: Մահացել է Երևանում: