Ապրիլի 24-27-ը Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում» սրահում կայացած «Art Monaco» հեղինակավոր միջազգային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացել է լավագույն կերպով: Հայկական տաղավարը ճանաչվել է լավագույնը, իսկ «Art Monaco»-ի լոգոն զարդարել էր հայազգի գեղանկարիչ-քանդակագործ Լ. Թութունջյանի հեղինակավոր քանդակներից մեկի պատկերը:

 

Միջոցառմանը Հայաստանի մասնակցությունն այս տարի ապահովել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը: Ինչպես փոխանցեցին ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով հանգամանքը, որ «Art Monaco» ցուցահանդեսի բացումը համընկել է Հայոց ցեղասպանության տարելիցի հետ, հայկական տաղավարում հիմնականում ցուցադրվել են հայազգի հանրահայտ նկարիչների՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարներ: Ցուցահանդեսում ներկայացվել են Մ.Սարյանի, Հ. Այվազովսկու, Ժանսեմի, Արշիլ Գորկու, Լ. Թութունջանի և այլ հայտնի նկարիչների կտավները:

 

Ցուցահանդեսի ընթացքում հայազգի աշխարհահռչակ նկարիչների գլուխգործոցները դիտելու էին եկել ոչ միայն օտարերկրյա պատվիրակություններ և տեղի բարձրաստիճան հյուրեր, այլև հայ համայնքի ներկայացուցչական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից: