Հայաստանի ազգային պատկերասրահն իր հարկի ներքո կհյուրընկալի ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանի աշխատաքները: Ինչպես տեղեկացրին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից, մայիսի 2-ին պատկերասրահում կբացվի Կազանջյանի գործերը ներկայացնող ցուցահանդես: Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 27-ը:

 

«Փարիզում ապրած տարիներին Ժան Կազանջյանը չի հետևել արտահայտչական միայն մի ձևի, չի հարել արվեստի իշխող որևէ շարժման, նա ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆորնիայում հաստատվելուց ի վեր Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ-մշակույթի փոխներգործությունը: Իր «պաստառ-նկարներում» Կազանջյանը ստվերների և ուրվագծերի փոխներթափանցման միջոցով ստեղծում է մի ուշագրավ խորություն: 1990-ականներից ի վեր արվեստագետն սկսում է տեղադրել նկարված կտավից մոտավորապես մեկուկ ես մատնաչափ հեռու գտնվող՝ գրեթե աննշմար թափանցիկ պաստառ»,- նշված է ՀԱՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Ցուցահանդեսում ներկայացված գործերն ի հայտ են բերում Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ «պաստառ-նկարներից» մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ, ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի, ինչպես օրինակ, Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» կամ Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին: